Եթե նա այդպիսի ստատուս է գրում, ապա ես ավելին կհրապարակեմ․  քաղաքագետը՝ Փաշինյանից աղիողորմ աշխատանք խնդրելու մասին
17:23 - 20 օգոստոսի, 2019

Եթե նա այդպիսի ստատուս է գրում, ապա ես ավելին կհրապարակեմ․ քաղաքագետը՝ Փաշինյանից աղիողորմ աշխատանք խնդրելու մասին

factor.am Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի գրառման հիման վրա ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում քրեական գործ հարուցելու համար: Այս մասին հայտնում է քաղաքագետը: Հիշեցնենք, որ նա առավոտյան ֆեյսբուքում գրել էր, որ Ամուլսարի հարցում կառավարությունը գնացել է կոռուպցիայի:

«Ես ինքս լուրջ կասկածներ ունեի ողջ ընթացքում, որ պարզ, խոշոր կոռուպցիոն գործարք է տեղի ունեցել: Հիմա այլևս այդ կասկածները չկան: Որևէ կասկած չունեմ, որ Ամուլսարի հարցում կառավարությունը գնացել է կոռուպցիայի: Դրանում ոչ մի, կրկնում եմ` ոչ մի կասկած այլևս լինել չի կարող»,- գրել էր նա:

 

Հայկ Մարտիրոսյանը փոխանցեց, որ ԱԱԾ-ից քիչ առաջ է դուրս եկել: Նրան հրավիրել էին հարցաքննության:

«ԱԱԾ օպերլիազորները գնացել են իմ բնակարան, ես տանը չեմ եղել, անընդհատ զանգել են, բայց ես եթերների եմ եղել: Ես սա գնահատում եմ քաղաքական ճնշման փորձ իմ դեմ, որովհետեւ իրենք տեսնում են, որ քաղաքագետը մասնագիտական գործունեություն է կատարում, կարծիք է հայտնում: Դատախազությունը անմիջապես նյութեր է նախապատրաստում եւ ուղարկում է ԱԱԾ: Խոսքի ազատության վրա ներգործելու ավելի վատ գործողություն դժվար է պատկերացնել»,- ներկայացրեց նա:

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել եւ անդրադարձել Ամուլսարի շուրջ կառավարության դիրքորոշումը սուր քննադատողներին:

«Ամուլսարի հետ կապված այսօրվա երկու ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին աշխատանքից ազատել ենք խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին՝ ի հեճուկս աղիողորմ խնդրանքների՝ աշխատանքի չեմ ընդունել:

 

Սա հայկական իրականության ողբերգություններից է, երբ հաճախ դիրքորոշումների շարժառիթները ոչ թե սկզբունքներն են, հայացքները, համոզմունքները, այլ նեղ անձնական հաշվարկներն եւ զգացողությունները:

Հ.Գ. Մի հին «բարի» կուլտուրա կա Հայաստանում, որ բռնկվում, խոսում, ահազանգում, մտահոգվում ես՝ միայն մի պատճառով. որ իշխանությունը մի բան տա բերանդ փակի: Բայց սա աշխատում էր հին իշխանության հետ, նոր իշխանության հետ բացառվում է, որ աշխատի: Ու բարեբախտաբար նման կուլտուրայի կրողները Հայաստանի հանրային դաշտում գնալով քչանում են: Շատ քչերն են մնացել»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

Հայկ Մարտիրոսյանին խնդրեցինք անդրադառնալ գրառմանը եւ մեկնաբանել՝ այն իր հետ որեւէ առնչություն ունի՞, թե ոչ, քանի որ Ամուլսարի հարցով ամենասուր գրառում կատարողներից մեկն էլ ինքն էր։

«Առաջինով նկատի ունի Արթուր Գրիգորյանին (Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար), երկրորդով՝ փորձում է ներկայացնել, որ ես աշխատանք եմ խնդրել, որն ապատեղեկատվություն է: Խոսք է գնացել միայն համագործակցության մասին, եթե նա այդպիսի ստատուս է գրում, ապա ես ավելին կհրապարակեմ: Ես էթիկան պահում էի եւ չէի անդրադառնում իմ եւ իր շփմանը, բայց եթե վարչապետն իրեն վնասող քայլեր է կատարում, ես դրա պատասխաններն ունեմ: Իրենից ոչ մեկ աղիողորմ աշխատանք չի խնդրել, դրա ապացույցները կան: Իր ստատուսի ֆոինին ինձ ԱԱԾ կանչելը վկայում է այն մասին, որ նա քաղաքական հետապնդումներ է ծրագրավորում»,- կարծիք հայտնեց քաղաքագետը:

Հայկ Մարտիրոսյանն ասաց, որ խորհրդարանական ընտրություններից առաջ քննարկվել է համագործակցելու հնարավորությունը, սակայն մանրամասներին նա խոստացավ անդրադառնալ առաջիկայում:

Հեղափոխությունից հետո Հայկ Մարտիրոսյանը նոր իշխանությունների եւ Նիկոլ Փաշինյանի մասին խիստ դրական կարծիքներ էր հայտնում: Քաղաքագետից հետաքրքրվեցինք, թե ինչու հանկարծակի սկսեց քննադատել: «Շատ պարզ բան փոխվեց: Նիկոլ Փաշինյանի գործունեության մեջ ես ավելի ու ավելի սկսեցի տեսնել անգործություն եւ մեծ քանակությամբ սխալներ: Ես ասում էի՝ հիմա սատարում եմ, լավ կարծիք եմ հայտնում, բայց, եթե տեսնեմ, որ սխալ ճանապարհով են գնում քննադատելու եմ»:

ԱԱԾ-ի մամուլի կենտրոնից Factor.am-ին առաջարկեցին Հայկ Մարտիրոսյանին ԱԱԾ հրավիրելու շուրջ պարզաբանում ստանալ վաղը․ «Հիմա ուշ ժամ է»,- պատճառաբանեցին կառույցից:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել