Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Էդմոն Մարուքյանի քննադատություններին՝ կապված քաղաքապետարանի՝ կամազներ ստանալու դեպքի հետ։

«Պարոն Մարուքյանը ոնց որ թե (չեմ ուզում այս բառն օգտագործել, բայց ավելի հարմար բառ չեմ գտնում) տեղը չի բերում, որ Հայկ Մարությանը Տարոն Մարգարյանը չի, ես Սերժ Սարգսյանը չեմ։ Չի կարելի ժողովրդի վստահության քվեն ունեցող իշխանության հետ այդ լեզվով, այդ ձևով խոսել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև անդրադարձել է ԼՀԿ ղեկավարի այն դիտարկմանը, թե այդ քայլով իշխանությունները կորցնում են այն քաղաքական կրեդիտը, որը ստացել են 2018 թվականին։

«Ով քաղաքական կրեդիտից խոսի, մեր որոշ գործընկերներ թող տանձից, խնձորից խոսեն։ Ո՞վ է գնահատում՝ մենք մեր քաղաքական կրեդիտը կորցնում ենք, թե չէ։ Եվ ես ասում եմ՝ եթե պարոն Մարուքյանը շարունակելու է տեղը չբերել, հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում։ Ինքը թող ընտրի, մենք որևէ պրոբլեմ չունենք։ Ինքը չի կարող գնահատել՝ մենք մեր քաղաքական կրեդիտը կորցնում ենք, թե չէ, դրա գնահատողը ժողովուրդն է, ինքը դրա իրավունքը չունի»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ հերիք է իրենց համեստությունը չարաշահեն։

«Սա 2015, 16 և նույնիսկ 2017 թվականը չէ, որ իշխանության հետ «առևտուր-շանտաժ, շանտաժ-առևտուր» բանաձևով հնարավոր լինի խոսել։ Ինքնաոչնչացմամբ են զբաղված այդ մարդիկ։ Թող մեր քաղաքական կրեդիտների մասին չանհանգստանան»,- նշել է նա։

Լրագրողի ճշգրտող հարցին, թե Արմեն Աշոտյանի ո՞ր դերում կհայտնվի Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանն ասել է ստեղծագործական։