Եթե սուբյեկտները ՀՀ կառավարության պահանջները կատարում են, պետք է աշխատեն.ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյան
13:01 - 22 օգոստոսի, 2019

Եթե սուբյեկտները ՀՀ կառավարության պահանջները կատարում են, պետք է աշխատեն.ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հետ զրուցել ենք Ամուլսարի հանքի շահագործման թեմայով։

- Վերջին օրերին շատ է քննարկվում Ամուլսարի թեման։ Ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցում։

- Իմ դիրքորոշումն է, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, և իրավական պետություն լինելով՝ պետք է շարժվի օրենքներով և ՀՀ ժողովրդի շահերով։

- Ըստ Ձեզ՝ ՀՀ ժողովրդի շահերից բխո՞ւմ է Ամուլսարի հանքի շահագործումը։

- ՀՀ ժողովրդի շահերից բխում է, որ ՀՀ ժողովուրդը ապրի անվտանգ, տնտեսապես կայուն, էկոլոգիապես վերահսկողության տակ գտնվող արդյունաբերությամբ և բարձր տեխնոլոգիաների առաջ բնակվող երկրում։

- Եթե խոսում ենք էկոլոգիապես վերահսկվող արդյունաբերության մասին, Ամուլսարի շրջակա բնակավայրերի բնակիչները չեն վստահում փորձաքննության եզրակացությանը և ասում են՝ կան ռիսկեր, որոնք կառավարելի չեն, և հանքի շահագործումը վտանգավոր է։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ կարծիքներին։

- Առաջին հերթին, ոչ բոլոր բնակիչներն են այդպիսի դիրքորոշում հայտնում։ Մի մասը, այո՛, մտահոգված է իրավիճակով, մյուս մասը դրական է վերաբերվում հանքի շահագործմանը, բայց, ամեն դեպքում, որպես պատասխանատու իշխանություն՝ մենք պետք է աշխատենք բոլոր շահագրգռված կողմերի հետ և բացատրենք իրենց հանքի վտանգները, ինչպես նաև հանքի շահագործման հետ կապված այն բոլոր հանգամանքները, որոնք գոյություն ունեն։

- Այսինքն՝ Դուք դեմ չե՞ք լինի, եթե որոշում կայացվի հանքը շահագործել։

- Ես դեմ չեմ, որպեսզի օրենքով սահմանված կարգով և օրենքի տառով բոլոր այն տնտեսական սուբյեկտները, որոնք անօրինական կամ ոչ հիմնավորված կերպով են փորձում իրականացնել գործունեություն ՀՀ տարածքում, չաշխատեն այստեղ և պատժվեն։ Բայց եթե սուբյեկտները ՀՀ կառավարության պահանջները կատարում են և փորձում են իրականացնել օրինական գործունեություն, այդ սուբյեկտները պետք է աշխատեն։ Եթե կան այդ աշխատող սուբյեկտների հետ ռիսկեր, կառավարության և իշխանության պարտականությունն է, որպեսզի այդ ռիսկերը վերահսկվեն, կառավարվեն, և ցանկացած շեղման դեպքում այդ տնտեսական սուբյեկտը պատժվի և նույնիսկ զրկվի գործունեություն կատարելու իր հնարավարությունից։

- Այսինքն՝ Դուք համաձայն եք այն պնդման հետ, որ ռիսկերը վերահսկելի են։

-Ես բնապահպան չեմ, և մասնագիտական որևէ կարծիք չեմ կարող հայտնել։ Ես հիմնվում եմ բնապահպանների, տնտեսագետների և մասնագետների, ինչպես նաև կառավարության փորձագետների կարծիքի վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել