Եղեգնաձորի ոստիկանները  կեղծ թղթադրամների իրացման դեպք են բացահայտել. կան ձերբակալվածներ
20:50 - 04 մայիսի, 2020

Եղեգնաձորի ոստիկանները կեղծ թղթադրամների իրացման դեպք են բացահայտել. կան ձերբակալվածներ

ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում մայիսի 1-ին տեղեկություններ են ստացվել, որ Արենի գյուղի ճանապարհին անհայտ անձինք 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ են իրացրել։ Եղեգնաձորի քրեական հետախույզները ճշգրիտ օպերատիվ միջոցառումներով կարճ ժամանակում պարզել են, թե կասկածվողներն ինչ մեքենայով են եղել, ինչից հետո սկսել են որոնողական աշխատանքները։ Այս մասին տեղելանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Եղեգնաձորի ոստիկանները երիտասարդներին այնքան արագ հայտնաբերեցին, որ նրանք չէին հասցրել հեռանալ Վայոց ձորի մարզից։ Կասկածվողները բերման ենթարկվեցին բաժին։ Այդտեղ պարզվեց, որ նրանք, բացի հիշյալ դեպքից, 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ են իրացրել Վայոց ձորի մարզի բենզալցակայաններից երկուսում, մի խանութում և գինու վաճառակետում։ Նրանց մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին 48 հատ 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։ Կեղծ թղթադրամներ իրացնողը ձերբակալվեց։ Եղեգնաձորի քրեական հետախույզները, համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների հետ, փաստական տվյալներ ձեռք բերեցին, թե նրանց որտեղից կեղծ թղթադրամներ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, մայիսի 2-ին խուզարկվեց Արարատի մարզի Մխչյան գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերվեց 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ, ինչպես և այլ պետությունների թղթադրամներ։ Տանտերերը, որոնք եղբայրներ են, ևս ձերբակալվեցին։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել