armtimes.com։ Նախորդ կիրակի օրը մենք Գորիսում, Վայքում ու Եղեգնաձորում եղանք: Խառը տպավորություններով վերադարձանք այնտեղից: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես հանձնարարական եմ տվել Պետական վերահսկողական ծառայությանն ստուգումներ իրականացնել Եղեգնաձորի քաղաքապետարանում, որ պարզենք՝ ինչ է կատարվում»,- ասաց վարչապետը:

Նա ընդգծեց՝ չնախատեսված այցերով գնալու է մարզեր, որ տեսնի, թե իրեն հետաքրքրող սուբվենցիոն ծրագրերը ոնց են իրականացվել. «Եթե հանկարծ պարզվեց, որ ինչ-որ բան էն չէ, ընդունող հանձնաժողովը, ընդունող պաշտոնյաները պետք է իմանան, որ հավասարազոր պատասխանատվություն են կրելու: Ասենք, հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Եղեգնաձորում աշխատանքն այդ որակի, բայց մյուս կողմից հարց է ծագում, բա մարզպետարանն ինչո՞վ է զբաղված»:

ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն էլ ասաց, որ արդեն Եղեգնաձորի եւ Վայքի քաղաքապետարաններում ստուգումներ են սկսել. «Ռիսկերի գնահատում ենք իրականացնում, խմբերն արդեն տեղում են»: