Ես որևէ կերպ չեմ կարող ասել, որ այդ ժամանակվա որևէ սպանություն պատվիրել է որևէ առաջին դեմք. Արամ Սարգսյան |news.am|
08:27 - 23 հունվարի, 2020

Ես որևէ կերպ չեմ կարող ասել, որ այդ ժամանակվա որևէ սպանություն պատվիրել է որևէ առաջին դեմք. Արամ Սարգսյան |news.am|

news.am: Քաղաքական դաշտում հակված եմ առավել կոռեկտ մոտեցումների, օրինակելի լեզվամտածողության, և, բնականաբար, նախընտրելի է, որ բարձր պաշտոն զբաղեցնող պաշտոնյաները պահեն գոնե Լեզվի մասին օրենքը։ Այս մասին ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ պատգամավորներին ուղղված կոչին՝ «իրենց հայաթի բեսեդկում հանգիստ լռվելու» մասին։

Ինչ վերաբերում է խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված օրենքին, որը վերաբերում է քրեական ենթամշակույթ կրող անձանց, Արամ Սարգսյանն ընդգծել է, որ օրենքի վերաբերյալ, բացի պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիտարկումներից, որևէ այլ խորքային մոտեցում չի լսել: Բացի դա, ըստ նրա՝ ինչ օրենք ուզում են՝ ընդունեն, միևնույն է, այդ մշակույթը կրող մարդիկ բանտերի ներսից անգամ կարողանալու են ազդել դրսի կյանքի վրա։

«Կալանավայրերում տեղի ունեցող գործընթացները երբեմն դուրս են գալիս վերահսկողությունից, մենք պետք է հաշվի առնենք, որ նրանք նույնպես մարդիկ են, և այստեղ չարաշահումներ չպետք է լինեն, առավելևս՝ չպետք է բանը հասնի նրան, որ գործի դնեն ներքին զորքերը։ Այն օրենքին, որն այսօր ընդունվել է, մենք պետք է գնայինք մշակութային դաստիարակությամբ, բանտային համակարգում պետք էր ներդրումներ անել։ Այդ օրենքը, այո՛, պետք է ընդունվեր, բայց այն ժամանակ, երբ կարգավորվեին իմ թվարկած խնդիրները և, օրինակ, կալանավորին սպասարկող քաղաքացիական և զինվորական անձանց համար կարողանային ապահովել բարձր աշխատավարձով, ոչ թե 60-80 հազար դրամ ստացող դռնապան ունենան ու նման օրենք ընդունեն։ Այս օրենքը որևէ կերպ չի ազդելու, որ կալանավայրում «զոն նայող» չլինի, և առանց նրա ու պետական մասնակցությամբ կարգ ու կանոն կալանավայրերում չի կարող հաստատվել»,- ասել է Արամ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել էր. «Պետությունն այս պահին այնքան հզոր է, որ թող որևէ մեկը համարձակվի անկարգություններով մեզ սպառնա։ Մենք ունենք ներքին զորքեր, մենք ունենք քրեակատարողական համակարգում արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորություն և իրավական հիմք։ Եվ թող մեկը փորձի իր բախտն ու փորձի պետության հետ սպառնալիքի լեզվով խոսել»:

Արամ Սարգսյանը նշել է, որ մշտապես ունեցել է գործադիր իշխանությանը հատուկ մտածելակերպ, և ինչպես այս, այնպես էլ այլ հարցերում մշտապես իր առաջարկներն է ներկայացրել գործադիրին, նաեւ տնտեսությունը ոտքի կանգնեցնող լուծումներ։

«Իմ մոտեցումները պետության ամրապնդմանն են միտված, և, երբ իշխանությունը շեղվում է, կամ քայլեր է անում, որոնք իմ սրտով չեն, հավատացե՛ք, ես դառնում եմ դրա կոշտ քննադատը։ Փաշինյանը նեղանում է հաճախ այդ քննադատություններից, ինչը ես դրական եմ համարում, որովհետև, եթե նեղանում է, ուրեմն մտածում է։ Նիկոլ Փաշինյանին նամակներ եմ գրում այս կամ այն հարցի վերաբերյալ, կօգտվի՞ դրանից՝ լավ, իսկ եթե չի օգտվի, ես տարբեր եթերներում խնդիրների մասին կբարձրաձայնեմ։ Գիտեք՝ գործող իշխանություններին օժանդակելն է ճիշտ, բայց օժանդակել չի նշանակում՝ չքննադատել»,- ասաց Սարգսյանը։

Անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հեռացումը հեղաշրջման փորձի հետ կապելու մասին լուրերին և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարությանը, Արամ Սարգսյանն ասել է՝ այն, որ Հակոբյանը վարչապետի ընտանիքի անդամն է, դա դեռ չի նշանակում, որ նրա տեսակետին վարչապետը համամիտ է։

«Ասել է՝ թող Հրաչյային դատի տան, ասեն՝ արի, հիմնավորի, և դա ճիշտ կլինի։ Դրանից հետո ցանկացած մարդ ինչ-որ տեսակետ հայտնելուց կկարողանա դատարանում հիմնավորել կամ ներողություն խնդրել իր ասածի համար, ես, միանշանակ, սրա կողմնակիցն եմ»,- ասել է Արամ Սարգսյանը՝ նորից ընդգծելով, որ կեղծ տեղեկություն տարածողը պետք է պատասխանատվության ենթարկվի:

Խոսելով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան և Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ արձանագրված՝ Պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Մարիուս Յուզբաշյանի սպանության միջև անցկացվող համեմատականների մասին՝ Արամ Սարգսյանն ասել է.

«Այս իշխանությունը Լևոն Տեր–Պետրոսյանի իշխանության շարունակությունը չեմ համարում։ Մարդկային կերպի և աշխարհաքաղաքական ընկալման առումով Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը բացարձակ տարբեր լիդերներ են, և, բնականաբար, Փաշինյանը նրա գիծը չի շարունակում։ Ինչ վերաբերում է առաջին նախագահի ղեկավարման ժամանակ տեղի ունեցած սպանություններին, ապա այն ժամանակ անցումային ժամանակաշրջան էր, մարդիկ կային, որոնք շատ արագ ունեզրկվում էին, առաջանում էին խնդիրներ, իսկ դրանք փորձում էին լուծել սպանությունների միջոցով։ Սպանություններ եղել են բոլոր իշխանությունների ժամանակ, բայց ես որևէ կերպ չեմ կարող ասել, որ այդ ժամանակվա որևէ սպանություն պատվիրել է որևէ առաջին դեմք։ Ես երբեք որևէ առաջին դեմքի մասին նման բան չեմ ասել։ Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ կարող եմ ասել, որ նա այդ մարդկային կերպը չէ, նա մարդ սպանող, ոչնչացնող տեսակ չէ, չի՛ կարող էդպիսի բան անել Նիկոլ Փաշինյանը, և սա իմ դիտարկումն է՝ հոգեբանական, քաղաքական և մարդկային առումներով»,- ասել է Արամ Սարգսյանը՝ ընդգծելով, որ շատ սխալ են արել՝ ինչպես նախկինում, երբ որևէ սպանության վերաբերյալ սլաքներն ուղղել են օրվա իշխանությունների ուղղությամբ, սխալ են անում նաև հիմա, երբ Կուտոյանի մահվան հետ կապված սլաքներ են ուղղում գործող իշխանությունների ուղղությամբ։

«Նրանք, ովքեր սլաքներ էին ուղղում, պետք է հասկանան, որ դա բումերանգ է, և պետք է չզարմանան, եթե հիմա էլ իրենց ուղղությամբ դրանք ուղղեն»,- ասել էնա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել