Երեւանի ավագանին որոշում կայացրեց «Թումո» հիմնադրամին հողի հարկի արտոնություն տրամադրել |news.am|
17:15 - 28 ապրիլի, 2020

Երեւանի ավագանին որոշում կայացրեց «Թումո» հիմնադրամին հողի հարկի արտոնություն տրամադրել |news.am|

news.am: Երեւանի ավագանին իր այսօրվա՝ ապրիլի 28-ի նիստում որոշում կայացրեց «Թումո» հիմնադրամին հողի հարկի արտոնություն տրամադրել:

Որոշման մեջ ասվում է. «Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը, ղեկավարվելով ‹‹Հողի հարկի մասին›› օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով` Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևանի Հալաբյան փողոցի հ. 2 հասցեում` Թումանյանի անվան զբոսայգում գտնվող, Սիմոնյան կրթական հիմնադրամին (ՀՎՀՀ 01245672) անհատույց օգտագործման իրավունքով պատկանող հողամասի համար սահմանել հողի հարկի արտոնություն` ազատելով 2497149 /երկու միլիոն չորս հարյուր իննսունյոթ հազար հարյուր քառասունինը/ դրամի չափով հողի հարկի վճարումից /ապառք՝ 2244691 դրամ, տույժ՝ 252458 դրամ/»:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Երևանի Թումանյանի անվան զբոսայգու զբաղեցրած հողամասն անհատույց օգտագործման իրավունքով պատկանում է Սիմոնյան կրթական հիմնադրամին /վկայական` 20.09.2017թ. հ.20092017-01-0206/:

Հաշվի առնելով Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից այգին բարեկարգելու ու պահպանելու նպատակով իրականացված մեծածավալ աշխատանքը, ներդրված ֆինանսական միջոցները, ինչպես նաև այն հանգամանքը, որ տարածքի բնակիչները անարգել մուտք են գործում և կազմակերպում են իրենց հանգիստը այգու տարածքում, Երևան քաղաքի ավագանու որոշումներով նշված կազմակերպությանը 2014, 2015, 2016, 2017 և 2018 թվականների համար տրամադրվել էր հողի հարկի արտոնություն:

Հալաբյան փողոցի հ.2 հասցեում հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով պատկանող` հողի հարկով հարկվող օբյեկտ համարվող հողամասի 2019 թվականի հողի հարկի գումարը 19.03.2020 թվականի դրությամբ կազմում է 2497149 դրամ:

Սիմոնյան կրթական հիմնադրամը իրականացնում է բարեգործական կրթական ծրագրեր, միևնույն ժամանակ հիմնադրամի կողմից պարբերաբար կատարվում են այգու պահպանման և բարեկարգման աշխատանքներ:

Հաշվի առնելով հանրության համար Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից Երևանի Հալաբյան փողոցի հ.2 հասցեում գտնվող զբոսայգու բարեկարգման, այգու պահպանման ուղղությամբ կատարված աշխատանքների ծավալը, այդ տարածքում իրականացվող կրթական ծրագրերի դերն ու նշանակությունը, ինչպես նաև կարևորելով Թումանյանի անվան զբոսայգին մշտապես ըստ նշանակությամբ օգտագործվելու և բարեկարգված պահելու անհրաժեշտությունը, առաջարկվում է Սիմոնյան կրթական հիմնադրամին տրամադրել հողի հարկի արտոնություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել