news.am։ Երեւանի քաղաքապետարանին առընթեր ստեղծվելու է «Շրջակա միջավայրի կանաչապատում եւ պահպանություն» ՀՈԱԿ-ը: Համապատասխան որոշումն ընդունվել է դեկտեմբերի 16-ին Երեւանի ավագանու արտահերթ նիստում:

ՀՈԱԿ ստեղծման համար նախատեսվում է հատկացնել 3 մլրդ 400 մլն դրամ:

Երեւանի առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խոսքով՝ փողի մեծ մասը (2 մլրդ դրամից ավելի) հատկացվելու է աշխատակիցների աշխատավարձը 2,5 անգամ բարձրացնելուն, որոնք հիմա աշխատում են առանձին վարչական շրջաններում: «ՊՈԱԿ ստեղծումը թույլ կտա կուտակել կանաչապատման միջոցառումների համար քաղաքապետարանի հատկացրած միջոցները եւ կազմակերպել դրանց ավելի արդյունավետ կառավարում:

Սա թույլ կտա ընդունել համալիր որոշումներ եւ կանաչապատման, խնամքի ու ոռոգման միասնական մոտեցումներ: Դրանից բացի, կազմակերպվելու է սովորական աղբից վտանգավոր թափոնների տեսակավորում, ինչը բնապահպանների տեսակետից անչափ կարեւոր է: ՀՈԱԿ-ն իր տրամադրության տակ կունենա տնկիների տնտեսություն եւ անհրաժեշտ տեխնոպարկ, որի ձեռքբերման համար կհայտարարվի մրցույթ»,- պարզաբանել է նա:

Կազմակերպության ղեկավարն է դառնալու Արմեն Բեգոյանը, որը ներկայումս զբաղեցնում է Երեւանի քաղաքապետարանին առընթեր թափառող կենդանիներին վնասազերծելու կենտրոնի տնօրենի պաշտոնը:

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը վստահություն է հայտնել, որ մի քանի կազմակերպությունների առկայությունը կօգներ բարձրացնել աշխատանքների արդյունավետությունը եւ նվազեցնել ծառայությունների արժեքը:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր հերթին պարզաբանել է, որ մրցույթին ոչ մի մասնավոր ընկերություն չի մասնակցել, ինչը վկայում է, որ մասնավոր հատվածն առայժմ պատրաստ չէ իր վրա աշխատանքների այդպիսի մեծ ծավալի պատասխանատվություն վերցնել: «Հաշվի առնելով, որ տեխնոպարկն անհրաժեշտ տեխնիկայով համալրելու անհրաժեշտություն կա, մենք ուրախ կլինենք մեր հայրենակիցների մասնակցությանը, այդ թվում՝ արտասահմանում բնակվող: ՀՈԱԿ  գործունեության արդյունքներն անչափ կարեւոր են, եւ դրանք տեսանելի կլինեն ինչպես մոտ ժամանակում, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում»,- եզրափակել է նա: