Երեւանում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները
23:02 - 23 մարտի, 2020

Երեւանում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները

Երեւանում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:

«Այս տարի մրցույթները մեկնարկեցին բավականին շուտ: Դրանք հայտարարվել էին դեռեւս նախորդ տարի: Ծրագրով հիմնականում ցանցատիպ ճաքերով փողոցների փոսանորոգման աշխատանքներ են»,- ասել է Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:
2020թ. Երեւանի քաղաքապետարանի ծրագրով կնորոգվի 567.850 քմ ասֆալտբետոնե ծածկ։

Առաջին հասցեներից մեկը Սեբաստիա փողոցն էր։ Այստեղ ընդհանուր 6000 քմ ասֆալտապատ տարածք կնորոգվի։

Որակյալ ճանապարհ ունենալու համար նախ 4-5 սմ հաստությամբ կտրվում ու դուրս է բերվում ասֆալտի վնասված շերտը։ Հետո արդեն փոշեզրկվում եւ մշակվում է հատուկ նյութով, որն, այսպես ասած, սոսնձի դեր է կատարում: Հերթը գործարանից բերված տաք ասֆալտինն է։

«Տեղադրման պահին ասֆալտի ջերմաստիճանը 110 աստիճանից բարձր պետք է լինի: Փաստացի՝ տվյալ պահին ջերմաստիճանը 1350 է»,- ասել է ինժեներ Մարզպետ Մելքոնյանը:

«Մեծ ծավալներով ասֆալտապատելու դեպքում հարթեցնող մի քանի մեքենա է աշխատում: Օգտագործվում է նաեւ հատուկ այլ տեխնիկա, որը թույլ չի տալիս, որ ասֆատապատումից հետո ալիքներ առաջանան»,- ընդգծել է Գրիգոր Հարությունյանը:

Այս տարի քաղաքում ասֆալտապատումը կիրականացնի 5 ընկերություն։ Գործի որակը հսկում են տեխնիկական հսկողության ծառայության մասնագետները։
«Յուրաքանչյուր վարչական շրջանում մեր կազմակերպության կողմից հատկացված է առանձին պատասխանատու տեխհսկիչ, որը մշտապես գտնվում է շինհրապարակում: Հսկողության մեջ ներառվում է կապալի պայմանագրի հսկողությունը, որպեսզի շինարարը, համաձայն քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի, ապահովի նյութերի, աշխատանքների որակը, նաեւ ֆրեզի տեղափոխումը համապատասխան թափոնավայր: Բացի այդ, 10 հազար քմ-ն մեկ կատարվում է լաբորատոր փորձարկում»,- նշել է տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության տնօրեն Նորայր Բունիաթյանը:
Փոսային նորոգում է նախատեսված նաեւ մայրաքաղաքի մի շարք այլ փողոցներում, այդ թվում՝ կենտրոնական։

«Ունենք մի քանի փողոցներ, որոնցում ասֆալտը պետք է նորոգվի համատարած, այդ թվում՝ Իտալիայի փողոցը, Պռոշյան-Լեո փողոցների հատվածը»,- ասել է շինարարության եւ բարեկարգման վարչության պետը:

Փոքր ճաքերով հատվածներում փողոցների ամուր ծածկի «կյանքը» կերկարեցնի ճաքալցումը. 2020թ. 402,000 գծամետր ճաքալցում է նախատեսված:
Այս տարի ավելացել են հողային ծածկով ճանապարհների նորոգման ծավալները. խոսքը քաղաքի ծայրամասերում, սեփական տների հարեւանությամբ գտնվող փողոցների մասին է։

Արդեն իսկ տնտեսված միջոցներով կհայտարարվեն նոր մրցույթներ՝այդ կերպ հնարավորություն ստեղծելով ավելի շատ փողոցներ ընդգրկել ծրագրերում։
«Այս տարի համայնքային բյուջեից շուրջ 100 մլն դրամ է հատկացվել դիտահորերի, դրանց թուջե կափարիչների եւ անձրեւորսիչների վերանորոգմանը: Դիտահորերը, որոնք ավելի ցածր նիշով են, երթեւեկության համար խոչընդոտ են: Մշտապես կա նաեւ քաղաքացիների դժգոհությունը: Թեեւ խնդիրը համայնքի լիազորության չէ, բայց քաղաքապետի հանձնարարությամբ արվում է համայնքի կողմից»,- նշել է Գրիգոր Հարությունյանը:

2020թ. մեծածավալ ասֆալտապատում կիրականացվի նաեւ վարչական շրջանների ծրագրերով։ Կնորոգվեն բակային տարածքներն ու երրորդական փողոցները։
Երեւանի քաղաքապետարանի չի մոռացել նաեւ հետիոտնի հարմարավետության մասին։ 80 մլն դրամ է հատկացվել համայնքային բյուջեից նոր մայթեր կառուցելու, նորոգելու եւ սալիկապատելու համար:

Մայր թատրոն բերող ճեմուղին եւ մուտքն արդեն նոր տեսք են ստանում։ Այս տարվա ծրագրում է նաեւ Կողբացի փողոցի մայթը՝ Թումանյան փողոցից մինչ Ամիրյան փողոց։ Մասնավորի կողմից նախորդ տարի սկսած հետաքրքիր գաղափարը քաղաքային իշխանությունը կշարունակի։

Փողոցների նորոգման ու ասֆալտապատման աշխատանքները տեւում են հիմնականում առավոտյան ժամը 9-ից մինչ երեկոյան 8-ը, իսկ խիտ բնակեցված վայրերից դուրս ու երթեւեկությամբ խիստ ծանրաբեռնված մի շարք փողոցներում՝ նաեւ գիշերային ժամերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել