armenpress.am: Կառավարությունն այսօր վստահելի ինստիտուտ է ժողովրդի համար, սակայն ոչ բոլոր մակարդակներում և հարթություններում:

Մարտի 12-ին քարոզարշավի շրջանակում Ջերմուկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ, «Այո» քարոզչական կողմի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կառավարության ինստիտուտների վստահելիության մակարդակի մասին:

«Այսօր, այո, ասում ենք, որ համակարգային կոռուպցիա չկա: Ի՞նչն է համակարգային կոռուպցիան: Երբ այն կառավարության ամենաներքևի օղակը մեկից հազար դրամ է վերցնում, այդ հազարից 200 դրամը իրենն է, իսկ 700 դրամը տալիս է իր ղեկավարին,իր ղեկավարը 200 դրամը պահում է իրեն, 500-ը տալիս է վերևին, և այդպես շարունակ: Երբ ասում ենք համակարգային կոռուպցիա չկա, սա նկատի ունենք: Այո, Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա և կարող եմ երաշխավորել, որ քանի այս քաղաքական իրողությունները գոյություն ունեն, որոնց դուք աջակցում եք, համակարգային կոռուպցիա չի լինելու»,- ընդգծեց Փաշինյանը:

Ըստ վարչապետի` դա չի նշանակում, որ առանձին պաշտոնյաններ կաշառք չեն վերցնում:

«Իհարկե, չեմ ասելու, որովհետև ամեն շաբաթ պաշտոնյա ենք բռնում կաշառք վերցնելիս: Ինչ պետք է անենք, որպեսզի այս ամենին վերջ դրվի: Հանրաքվեն նաև դրա մասին է, որ այդ կոռուպցիոն համակարգի մնացորդները հույս ունեն. «Լավ, մի երկու ամիս էլ ձգենք, մերոնք գալու են»: Ձերոնք այնպես հեռու են գնացել, և նրանց այնպես հեռու է ուղարկել ժողովուրդը, որ լույսի արագությամբ էլ չեն կարող ետ գալ: Խնդիրն այն է, որ այս նյարդային մթնոլորտը Հայաստանում շարունակվում է: Քանի դեռ սահմանադրական դատարանի և ընդհանրապես դատական համակարգի հարցը չի լուծվել, նյարդային մթնոլորտը շարունակվելու է»,- եզրափակեց Փաշինյանը: