Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները հանդես եկան հայտարարությամբ |armenpress.am|
08:49 - 26 նոյեմբերի, 2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները հանդես եկան հայտարարությամբ |armenpress.am|

armenpress.am։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ դիմելու են քաղաքապետ Հայկ Մարությանին՝ պահանջելով պարզաբանումներ ներկայացնել մայրաքաղաքի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի վերաբերյալ:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«2018 թվականին ընդունված հնգամյա ծրագրում կետեր կային քաղաքում մի շարք տրանսպորտային հանգույցների կառուցման վերաբերյալ, նաև՝ 4-րդ կարգի վթարային շենքերի հետ կապված, ինչպես նաև մայրաքաղաքում ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղիների կառուցման վերաբերյալ: Այժմ, մեզ ներկայացվել է Երևանի զարգացման ծրագիր, որը դրվել է հանրային քննարկման, որտեղ նշածս կետերը բացակայում են։

Նա նշեց, որ չի պահպանվել Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 82-րդ հոդվածի համապատասխան կետը, որով քաղաքապետը կարող է փոփոխել հնգամյա զարգացման ծրագիրը բացառապես այն դեպքում, երբ ներկայացնում է հաշվետվություն և ասում, որ ունի օբյեկտիվ խնդիր և չի կարողանում այդ կետերը իրականացնել:

«Երևանի ՏԻՄ օրենքում հստակ ասվում է, որ առանց օբյեկտիվ խոչընդոտների հստակ պարզաբանման հնարավոր չէ փոփոխություն իրականացնել»,- ասաց Խաժակյանը և տեղեկացրեց, որ նիստի ընթացքում դիմելու են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ պահանջելով պարզաբանումներ ներկայացնել զարգացման ծրագրի խոչընդոտների վերաբերյալ։

«Լույս» խմբակցության ղեկավարը շեշտեց, որ Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը հանրային քննարկման է դրվել օրենքի խախտմամբ և առանց չեղարկված կետերի վերաբերյալ պատճառաբանությունների, այն չպետք է քննարկվի դեկտեմբերին:

Նրա խոսքով՝ քաղաքապետը, սահմանված կարգով, մինչև 2020 թվականի մարտի 1-ը պետք է հաշվետվություն ներկայացնի, որից հետո, եթե կարողանա հիմնավորել, որ, օրինակ, «Հայրենիքի» խաչմերուկում նոր ճանապարհային հանգույց կառուցելու հետ կապված խոչընդոտներ կան, այդ դեպքում հնարավոր լինի նախագծում փոփոխություն իրականացնել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել