Նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը միառժամանակ չի գործի։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փակ է։ Հարգելի ընկերներ, պարետի հանձնարարականով, մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարաձգվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Նոր որոշմամբ՝ դադարեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը: Շարունակե'ք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարեց 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն։ Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն Հայաստանի ամբողջ տարածքում սահմանափակվել էր մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Խիստ սահմանափակումների ռեժիմը մարտի 31-ին երկարաձգվել է առնվազն 10 օրով։