Մայրաքաղաքի բոլոր պոլիկլինիկաներում արդեն գործում է էլեկտրոնային հերթագրումը: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ամիսներ առաջ մեկնարկած գործընթացի շնորհիվ այժմ թերապևտի մոտ այցը միայն նախապես հերթագրմամբ է, ինչը հնարավորություն է տալիս չսպասել հերթերում և խնայել ժամանակը:

Հերթագրվել հնարավոր է ինչպես հեռախոսազանգով, այնպես էլ առցանց՝ համակարգչով կամ բջջային հեռախոսով: Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի՝ www.armed.am կայք: Առաջին հերթին պետք է գրանցվել «Մուտք համակարգ» բաժնում՝ լրացնելով համապատասխան դաշտերը (անձնական տվյալները՝ հանրային ծառայությունների համարանիշը (սոցքարտի համարը), անուն-ազգանունը, ծննդյան ամսաթիվը և բջջային հեռախոսահամարը, որը նախկինում արդեն գրանցվել է պոլիկլինիկայում): Այնուհետ ստեղծում եք գաղտնաբառ, որը պետք է պարունակի լատիներեն տառեր և թվեր: Ձեր հեռախոսահամարին կգա կարճ հաղորդագրություն՝ հաստատման ծածկագրով, որը հավաքում եք համապատասխան բաժնում և, հաստատելով, ավարտում համակարգում գրանցումը:
Գրանցվելուց հետո արդեն պետք է մուտք գործել համակարգ ՝ լրացնելով արդեն միայն հեռախոսահամարն ու գաղտնաբառը, որտեղ անմիջապես կտեսնեք այն թերապևտի տվյալները, ում կցագրված եք, ինչպես նաև այցերի համար ազատ ժամերը: Ընտրում եք ազատ ժամը և գրանցվում:

Տվյալներն անմիջապես փոխանցվում են համապատասխան պոլիկլինիկա:

Գրանցման ամբողջ ընթացքը կարճ է. այն քաղաքացուց կխլի ընդհամենը մի քանի րոպե:
Եթե ինչ-որ պատճառով չեք կարող այցելել բժշկի կամ սխալվել եք ժամն ընտրելիս, ապա, կրկին մուտք գործելով համակարգ, կարող եք չեղարկել կամ փոխել այցի ժամը: