Երևանի  պոլիկլինիկաները  նոր սարքավորումներ են ստանում. այդ նպատակին հատկացվող գումարը եռապատկվել է
19:08 - 10 փետրվարի, 2020

Երևանի պոլիկլինիկաները նոր սարքավորումներ են ստանում. այդ նպատակին հատկացվող գումարը եռապատկվել է

Երևանի քաղաքապետարանն առողջապահության առաջնային օղակի ամրապնդումն ու զարգացումը առաջնահերթություն է համարում, և 2019-ին կրկնապատկել է բժշկական սարքավորումների ձեռքբերման համար համայնքային բուժհաստատություններին տրամադրվող բյուջեն: 70 մլն դրամի փոխարեն նախորդ տարի այդ նպատակի համար հատկացվել է 146 մլն դրամ: 2020-ին  այս ցուցանիշը 2018-ի համեմատ կեռապատկվի՝ կազմելով 215 մլն: Այս մասին  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ցուցանիշն աննախադեպ գնահատելով Երևանի համար: 

««Առաջնային օղակի նպատակն է կանխարգելիչ միջոցներով, վաղ հայտնաբերումով ախտորոշել հիվանդությունները, որպեսզի դա չդառնա քրոնիկական, ավելի չբարդանա, որպեսզի մեր քաղաքացիները ստիպված չլինեն դիմել արդեն հիվանդանոց»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

2019թ. երևանյան պոլիկլինիկաները համալրվել են 10-ը տեսակի 325 սարքավորումով:
«84թ.-ից այս կողմ մեր տեխնիկան չէր թարմացվել: Ընթացքում փոփոխություններ, վերանորոգումներ արվել էին, բայց չէր թարմացվել: Իսկ սա մեզ համար ուղղակի հեքիաթ է»,-ասում է «Թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը:
«Իհարկե, անմիջական ազդեցություն ունի և՛ պոլիկլինիկայի նկատմամբ հիվանդների վստահության բարձրացման գործում, և՛ ավելի ճշգրիտ, ավելի որակյալ բուժսպասարկում ապահովելու գործում»,- նկատում է «Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրեն Սաթենիկ Բադալյանը:

«2019թ. մենք ձեռք բերեցինք մանկական վաղ ախտորոշման ամբուլատոր բուժում անցկացնելու սարքեր, դրանք պուլսօքսիմետրներն են, որոնք շատ հեշտացրել են մանկաբույժների աշխատանքը՝ երեխաների առողջական վիճակն ախտորոշելու համար, և ինգալյատորներ, որոնք նաև այս շրջանում հնարավորություն են տալիս երեխաներին հենց պոլիկլինիկաներում ստանալ բուժում, որպեսզի վիճակը չխորանա»,- նշում է Սերգեյ Հարությունյանը:

Առողջապահական ոլորտում համակարգային բարեփոխումները, ըստ առաջնահերթության, կշարունակվեն նաև այս տարի: Երևանի քաղաքապետարանն ընթացիկ տարում պոլիկլինիկաներին 12 տեսակի 128 բուժսարքավորում կհատկացնի:

«Այս տարվա հաստատված բյուջեով ձեռք ենք բերելու սիրտ հետազոտելու ուլտրաձայնային սարքավորումներ: Սա պոլիկլինիկայի տեխնիկական բազայի և մատուցված ծառայությունների ընդլայնմանն ուղղված ևս մեկ քայլ է: Սրտի հետազոտությունների ծրագիրն իրականացնում ենք Հայկական սրտաբանների ասոցիացիայի հետ համատեղ և իրենք իրենց պատրաստակամությունն են ցուցաբերել՝ մասնագետների վերապատրաստման ու մեր ծառայությունն ավելի բարձր մակարդակով կազմակերպելու հարցում: Այս տարի մի քանի պոլիկլինիկաների համար նաև ձեռք ենք բերելու ժամանակակից ակնաբուժական սարքավորումներ, դա մտնում է դժվարամատչելի ծառայությունների մեջ, բայց մենք նպատակ ունենք մեր քաղաքացիներին հարմարավետ և որակյալ ծառայություններ մատուցելու հենց պոլիկլինիկաներում՝ չուղեգրելով բժշկական այլ հաստատություններ»,- ընդգծում է Երևանի փոխքաղաքապետը:

Այսօր առաջնային օղակի համար որպես առաջնային խնդիր շարունակում է մնալ շենքային պայմանների բարելավումը: Բժշկական սարքավորումների համալրմանը զուգահեռ այս տարի ևս մի շարք համաբուժարաններ կվերանորոգվեն: 2020-ին ըստ պլանի ամբողջությամբ կավարտվի նաև Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ընկերության բոլոր ենթակայանների վերանորոգման ծրագիրը»,- նշված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել