Երևանն ավելի կարևոր ֆունկցիա ունի՝ ամեն կերպ աջակցել նորմալ ընտրությունների անցկացմանը. Խանումյան |Armtimes.com|
11:38 - 30 մայիսի, 2019

Երևանն ավելի կարևոր ֆունկցիա ունի՝ ամեն կերպ աջակցել նորմալ ընտրությունների անցկացմանը. Խանումյան |Armtimes.com|

Armtimes.com: Արցախի քաղաքական եւ հասարակական ուժերը երեկ տարածած հայտարարությունով տեղեկացրել էին «Միացում» միավորումը ստեղծելու մասին: Հայտարարության մեջ նշված էր նաեւ, որ Արցախի մի շարք քաղաքական եւ հասարակական ուժեր օրենքի խախտմամբ ծավալել են ակտիվ նախընտրական արշավ՝ պաշտոնական մեկնարկից շատ ավելի վաղ։ Ձեռնարկվում են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի միջեւ ապակայունության եւ պառակտման նպատակ հետապնդող քայլեր: Դրանից բացի սոցցանցերում տեղեկություն է տարածվել, թե հնարավոր է Ռոբերտ Քոչարյանը նույնպես ցանկություն ունենա մասնակցել Արցախի նախագահական ընտրություններին: Չնայած գործող Սահմանադրությունը նման հնարավորություն չի տալիս Քոչարյանին:
«Մենք միշտ ունեցել ենք մեր հստակ գիծը եւ նպատակ չունենք այդ գծից շեղվելու»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ ընդդիմադիր՝ «Ազգային վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը:

- Պարոն Խանումյան, Արցախում մի շարք ուժերի նախաձեռնությամբ ստեղծվել է «Միացում» շարժումը: Նրանց հայտարարության մեջ նշված է, որ Արցախի իշխանությունները կանգնած են հասարակական գործընթացների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու շեմին: Ի՞նչ պրոցեսներ են ընթանում եւ ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում ձեր ղեկավարած «Ազգային վերածնունդ» կուսակցությունը:

- Մենք այդ մասին ասում էինք անցյալ տարի: Անցյալ տարի առաջարկում էինք, որպեսզի Բակո Սահակյանը փոխարինվի քաղաքականապես չեզոք նախագահովԯ ժամանակավոր, որը կընտրեր խորհրդարանը մինչեւ 2020 թվականի ընտրությունները, որպեսզի այդ չեզոք եւ ընտրություններում որեւէ շահագրգռվածություն չունեցող անձը կարողանար ապահովել առավելագույնս նորմալ ընտրություններ: Ցավոք սրտի, այդ գործընթացները, որոնք նաեւ փողոցային պայքարի միջոցով եղան, ինչպես նաեւ քաղաքական ուժերի բանակցությունների միջոցով, հաջողության չհասան: Իշխանության մնաց Բակո Սահակյանը եւ ունենք այն, ինչ ունենք այսօր:

- Հնարավո՞ր է ձեր կուսակցությունն էլ միանա այդ շարժմանը:

- Տեսնենք՝ շարժումն ինչ է դառնում: Հայաստանին միացման գաղափարը մեր ծրագրում կա: Այն գործընթացը, որն իրենք են առաջարկում, մենք դեռ 1 տարի առաջ էինք առաջարկում: Հետո էլ շատ վստահ չեմ, որ այդ ուժերը միացած են տարբեր հարցերի շուրջ: Նայելով ուժերի ցուցակը՝ այդպիսի վստահություն մոտս չկա: Դրա համար պետք է հասկանանք, նոր անենք: Օրինակ, սահմանադրական փոփոխությունների ժամանակ մեր կուսակցությունն է միայն դեմ քարոզել, երբ մեկ անձի իշխանության վերարտադրության հարց էր Արցախում: Մենք միշտ ունեցել ենք մեր հստակ գիծը եւ նպատակ չունենք այդ գծից շեղվելու:

- Սոցցանցերում շրջանառվում է, թե Ռոբերտ Քոչարյանը հնարավոր է Արցախի նախագահական ընտրություններին մասնակցի: Հնարավոր տարբերակ համարո՞ւմ եք դա:

- Այսօր Արցախում կա Սահմանադրության փոփոխության հարց: Կա քաղաքացիական նախաձեռնություն, որի նպատակն է՝ հնարավորություն տալ Սահմանադրությամբ ոչ միայն արցախյան գրանցում ունեցող մարդկանց առաջադրվելու, այլեւ ՀՀ գրանցում ունեցողներին: Եթե փոփոխությունը լինեն՝ ՀՀ ցանկացած քաղաքացի, անկախ գրանցման վայրից, կարող է առաջադրվել: Եթե այդ փոփոխությունը չլինի՝ ոչ Քոչարյանը, ոչ էլ այլ արցախյան գրանցում չունեցող մարդ չի կարող առաջադրվել: Հետեւաբար՝ տեսականորեն դա հնարավոր է, բայց բավականին բարդ ու երկարատեւ գործընթաց է:

- Բայց, եթե այդ գործընթացը տեղի ունենա, արցախցին իր քվեն կտա՞ Ռոբերտ Քոչարյանին:

- Միանշանակ դժվար է ասել, որովհետեւ որեւէ սոցիոլոգիական հարցում այդ առումով չկա ձեռքիս տակ եւ ես նույնպես նմանատիպ հարցումներ չեմ արել, որպեսզի կարողանամ ձեր հարցին պատասխանել: Կարծում եմ, ընտրապայքարը կգնա Արցախում բոլորին հայտնի քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջեւ: Ես չեմ կարծում, որ այլ գործիչներ այս պայքարին կմիանան:

Ավելին՝ Armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել