Երևանում մեկնարկած միջազգային համաժողովը Հայաստանին հնարավորություն կտա առաջընթաց արձանագրել տարբեր ոլորտներում |armenpress.am|
13:14 - 10 ապրիլի, 2019

Երևանում մեկնարկած միջազգային համաժողովը Հայաստանին հնարավորություն կտա առաջընթաց արձանագրել տարբեր ոլորտներում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը  Թուլուզի Ինֆորմատիկայի հետազոտական ինստիտուտի,  Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի  հետ համագործակցությամբ և  Հայաստանում ֆրանսիական համալսարանի  և  Թումոյի աջակցությամբ  իրականացնում է «Տվյալների գիտություն, հասարակությունների գիտություն» խորագրով միջազգային համաժողով:
Այն տևելու է ապրիլի 10-ից 12-ը:

Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին արհեստական բանականության, մեգատվյալների դերը կայուն զարգացման մեջ և կիբերավտանգության թեմաները:
Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը նշեց, որ անցում է կատարվում և՛ տեխնոլոգիական, և՛ հասարակական ժամանակաշրջան:
«Կարծում եմ, որ այդ անցման մեջ մեծ դեր պետք է ունենան մասնավոր անձինք, ինչպես նաև պետական ու հանրային գործիչները»,- ասաց Լավեստը:

Նրա կարծիքով՝ պետք է բարձրացնել այն հարցերը, որոնք վերաբերում են գիտությանը և պետք է սպասարկեն մեր հասարակություններին:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը շեշտեց, որ 6 ամիս առաջ ստորագրվել է համաձայնության արձանագրություն՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի և Թուլուզի 3 համալսարանների միջև:

«Այդ արձանագործությունը հնարավորություն է տալու Երևանում ստեղծել Բարձր արտադրողականությամբ հաշվարկների ազգային կենտրոն, ինչը հնարավորություն կտա ունենալ մի էկոհամակարգ ամբողջ հարավային Կովկասում: Այն կհամատեղի գիտական, սոցիալ-տնտեսական հետազոտությունները պետական գործիչների բարձր արտադրողականությամբ հաշվարկների և թվային սիմուլյացիայի շուրջ»,- ասաց Լաքոտը:
Դեսպանի խոսքով՝ այս գիտաժողովը հնարավորություն կտա Հայաստանին առաջընթացներ արձանագրել բնական ռիսկերի կառավարման, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել