Զբոսաշրջության բնագավառում հայ-գերմանական կապերն ակտիվանում են
15:20 - 06 հունիսի, 2019

Զբոսաշրջության բնագավառում հայ-գերմանական կապերն ակտիվանում են

Հունիսի 6-ին Երևանում կայացել է զբոսաշրջությանը նվիրված հայ-գերմանական գործարար համաժողովը։

Համաժողովին մասնակցել են հունիսի 4-ից 7-ը ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի ճամփորդական ասոցիացիայի (German Travel Association), Բավարիայի ուխտագնացության գրասենյակի, Հայաստանի զբոսաշրջության ոլորտի պետական և մասնավոր հատվածի, ինչպես նաև Հայաստանում միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը և Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Սուսաննա Սաֆարյանը նշել է․ «Այս միջոցառման նպատակն է ներկայացնել պետական քաղաքականությունը զբոսաշրջության ոլորտում, բնագավառի առաջնահերթությունները և հնարավորությունները, համագործակցություն ստեղծել Հայաստանի և Գերմանիայի մասնավոր հատվածների միջև, փորձել հասկանալ, թե որոնք են այն առաջարկները, որ մենք կարող ենք տալ գերմանական շուկային, և լսել գերմանական կողմի այն առաջարկները, որոնք պահանջվում են գերմանական շուկայի համար։ Մենք նաև հրավիրել ենք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք Հայաստանում տարբեր ծրագրեր են իրականացնում զբոսաշրջության բնագավառում, որպեսզի իրենք էլ կարողանան ներկայացնել այն, ինչ արվում է Հայաստանում տուրիզմի զարգացման ուղղությամբ»։

«Հայաստանը կարևորում է գերմանական շուկան, Գերմանիայից Հայաստան զբոսաշրջային այցելությունները։ Հարկավոր է առավելագույնս օգտագործել Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները և ներկայանալ գերմանական շուկայում, իսկ այսօրվա միջոցառումը ևս մեկ լավ հնարավություն է դրա համար», - ասել է Սուսաննա Սաֆարյանը։

Համաժողովի ընթացքում ներկայացվել են շնորհադեսներ, քննարկվել են զբոսաշրջության բնագավառում հայ-գերմանական զբոսաշրջային գործընկերության առանձնահատկությունները և դրանց զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել տեղեկատվության փոխանակման և փոխգործակցության պայմանավորվածություններ։

Համաժողովը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Գերմանական տնտեսական միավորման (DWV), Գերմանիայի ճամփորդական ասոցիացիայի (DRV) և «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրի համագործակցությամբ (ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ)-ի կողմից՝ Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել