Զբոսաշրջությունը խորը և երկարատև ճգնաժամ կապրի․ Գևորգ Բաբայան #FreeZone
13:04 - 04 ապրիլի, 2020

Զբոսաշրջությունը խորը և երկարատև ճգնաժամ կապրի․ Գևորգ Բաբայան #FreeZone

Այն, որ աշխարհը նոր մոտեցումներ է ունենալու, վստահ եմ՝ գիտեք՝  ծեծված միտք է։ Մարդիկ հատուկ զգուշություն և հոգատարություն են սկսելու ցուցաբերել վայրերի և գործողությունների նկատմամբ։

Զբոսաշրջությունն այդ փոփոխությունների անմիջական կրողն է լինելու։ Ցավոք այս ոլորտը տնտեսության ճյուղերից ամենաազդվածն է, քանի որ առաջնային խոչընդոտը հենց ճահապարհորդելու և տեղաշարժի վրա է։

Ճիշտ է,  ճանապարհորդների հետաքրքրություններն ու նոր փորձառությունների պահանջմունքներն ինչ-որ կերպ ապահովելու համար առաջ են գալիս տարբեր առցանց հարթակներ, բայց վստահ կարող ենք ասել, որ սթրեսի և դեպրեսիայի մակարդակը առավել է թույլատրելիից։

Տարբեր ազդակներ են գալիս աշխարհի տարբեր կետերից՝ մենք այս ոլորտում մենակ չենք և չենք կարող լինել։ Զբոսաշրջությունը համաշխարհային երևույթ է։ Կախված, թե որքան դեռ կշարունակվեն սահմանափակումները, կունենանք տարբեր սցենարներ։ Արդեն գիտենք, որ մինչև ամռան կեսերը բոլոր ամրագրումները չեղարկված են։ Մյուսներն էլ դեռևս պահպանվում են՝ ելնելով բարի կամքի դրսևորումից։

Եթե մի քանի ամիս էլ դեռ կարանտինային իրավիճակը շարունակվի, համաշխարհային տնտեսությունը շատ ավելի մեծ խնդիրներ կունենա, քան զբոսաշրջությունը, սական այստեղ էլ  խնդիրները քիչ չեն։ Արդեն նախնական հաշվարկներով 75 մլն մարդ կորցրել կամ կարող են կորցնել իր աշխատանքը մոտ ժամանակներս։ Սա հսկայական թիվ է։

Հայաստանում թիվը խիստ հեղհեղուկ է, քանի որ շատ շատերը այս ոլորտում գրանցված և օրինական դաշտում չեն գործում։ Կառավարությունը հայտարարել  է 120000 անձանց ներգրավվածությամբ  զբոսաշրջության, սննդի և զվարճանքների ոլորտներում գումարային օգնություն տրամադրելու մասին։ Վստահ եմ՝ այս թիվը շատ ավելի մեծ է։

Ոգևորիչ է կառավարության կողմից տեսնել որոշակի լուծումներ փնտրելը։ Արդյո՞ք դա էականորեն կօգնի ոլորտին, միանշանակ ո՛չ։ Այստեղ կորուստները՝ թե՛ ֆինանսական են և թե՛ այլ ռեսուրսների տեսքով, որոնք հետ բերելու համար կազմակերպությունները մի քանի անգամ ավել են վճարելու։ Խոսքը թե՛ մարդկային ռեսուրսների հավաքագրման, թե՛ մարքեթինգային ռեսուրսների, թե՛ կապերի և թե՛ համագործակցությունների մասին է։

Այնուամենայնիվ, մոտակա մի քանի ամսիներին չենք կարող ակնկալել որևէ դրական տեղաշարժ, իսկ  դրանից հետո որքան ձգվի, այնքան մեզ էլ ավելի հեռու կհրի։ Պետք է հասկանանք, որ այն պահից սկսած, երբ խոչընդոտները վերացվեն, մենք անմիջապես հոսքեր չենք տեսնելու․ ճանապարհորդելու որոշում կայացնելը որոշակի ժամանակ է պահանջում, և դա կարող է լինել երկուսից երեք ամիս։  Այսպիսով կարող ենք ասել, որ այս տարի եվրոպական և հյուսիսամերիկյան ուղղությունները գրեթե փակված են։

Եթե փորձագետները նշում են, որ ճանապարհորդելու թուլտվությունից հետո բիզնես ճամփորդությունները կայծակնային աճելու են, ապա կան նաև մյուս կողմի առաքյալները։ Apple կազմակերպության նախկին գործադիր տնօրեն Ջոն Սքուլեյը խրախուսում է ամեն դեպքում շարունակել տանից առցանց աշխատելը, քանի որ դա շատ ավելի բարձր արդյունավետություն է ապահովում։

Հայաստանի դեպքում բիզնես ճամփորդությունները լուծում չեն՝ դրանց տոկոսը շատ չնչին է եղել մշտապես։ Մենք այստեղ միջազգային կազմակերպություններ չունենք այդ քանակությամբ։

Կավելանա ներքին տուրիզմը։ Արտերկիր ճանապարհորդել չկարողանալու պատճառով շատերը կսկսեն իրենց երկրներում տեղաշարժվել։ Դա արդեն իսկ տեսանելի էր կամավոր ինքնամեկուսացման օրերին։ Իմ ընկերներից շատերը իրենց մեքենաներով սկսեցին այցելել տարբեր տեսարժան վայրեր կամ պարզապես բնության գիրկը։ Այս տենդենցը կշարունակվի և մենք կգրանցենք աննախադեպ աճ այս ոլորտում։ Սակայն պետք է հաշվի առնել, որ ներքին տուրիզմն ունի իր առանձնահատկությունները։ Շատ և շատ զբոսաշրջային պրոդուկտներ ստեղծված են արտասահմանյան հյուրերի համար և հետաքրքրություն չեն ներկայացնում տեղացիների համար։ Հետևաբար այդ կազմակերպություններն ու տնտեսվարողները պետք է կարողանան արագորեն վերադիրքավորվել, եթե ցանկանում են շարունակել այս ոլորտում գործունեություն ծավալել։

Մեկ այլ դրական կողմ, որ ունի հայկական զբոսաշրջությունը, դա ռուսական շուկայի առկայությունն է։ Կավելանան Ռուսաստանից այցելությունները։ Ռուսները Հայաստանը չեն համարում արտերկիր, այլ ավելի շատ «հարևանի տուն» այցելություն։ Նրանց համար էլ Եվրոպան և ասիական երկրները կլինեն ոչ այնքան հասանելի, և բացը կլրացվի բարեկամ երկրներ այցելությամբ։ Կարևոր է, որ մենք կարողանանք այս մրցավազքում հաղթել Վրաստանին։ Այստեղ մենք ունենք առավելություն թռիչքների քանակով և ուղղություններով։

Ընդհանուր առմամբ, անկախ համաշխարհային տնտեսական ճգնաժամից, զբոսաշրջությունը ճգնամի մեջ է լինելու։ Այն քանակությունը, որն ակնկալվում էր, կմնա միայն պատմության գրքերում որպես հույս և փափագ, իսկ իրականությունն ընդհանրապես այլ կլինի։

Մենք խոսում ենք ճգնաժամի մասին, և միակ բանավեճն այստեղ դրա խորության, կամ ահագնության մասին է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել