Զինվորական քննչական գլխավոր վարչությունն ամփոփել է նախորդ տարվա արդյունքները. ներկա էին ՊՆ նախարարը եւ ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն
20:01 - 06 մարտի, 2020

Զինվորական քննչական գլխավոր վարչությունն ամփոփել է նախորդ տարվա արդյունքները. ներկա էին ՊՆ նախարարը եւ ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ այսօր՝ մարտի 6-ին, տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2019 թվականի գործունեության արդյունքների ամփոփում: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ամփոփում-քննարկմանը ներկա են եղել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ ԱԱԾ չորրորդ դեպարտամենտի պետ Լեւոն Շահումյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանը եւ ԶՈւ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արա Սարգսյանը:

Ամփոփման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալներ Գ.Մայիլյանը եւ Ա.Ասլանյանը ներկայացրեցին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2019 թվականի գործունեության արդյունքները, որի ընթացքում վերլուծվեցին կատարված աշխատանքները, նախանշվեցին բացթողումներն ու թերությունները, ինչպես նաեւ ներկայացվեցին առաջարկներ դրանց վերացման ուղղությամբ:

2019 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակը, դրա կառուցվածքը եւ շարժընթացը, ինչպես նաեւ կատարված վերլուծությունների արդյունքները ներկայացրեց ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ Պերճ Այվազյանը: Նախանշվեցին առկա խնդիրները եւ ներկայացվեցին կոնկրետ առաջարկներ՝ դրանց լուծման, մասնավորապես՝ բանակում մահվան ելքերով դեպքերը կանխելու ուղղությամբ:

Ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում կարեւորվեց շահագրգիռ կառույցների համագործակցությունը՝ ՀՀ զինված ուժերում հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքար մղելու, ինչպես նաեւ՝ քրեական ենթամշակույթի ներթափանցումը զինված ուժեր կանխելու, նման դրսեւորումներն արմատախիլ անելու ուղղությամբ միասնական մեխանիզմ մշակելու համար:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն իր խոսքում որպես առաջնահերթ խնդիրներ նշեց քննության արդյունավետության եւ նախաքննության պատշաճ որակի ապահովումը, ինչպես նաեւ՝ նախաքննական մարմնի նկատմամբ հասարակության վստահության մակարդակի բարձրացումը:

Ամփոփելով քննարկումը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հ.Գրիգորյանը տվեց կոնկրետ հանձնարարականներ՝ աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել