Զինվորներին կսովորեցնեն, թե լեռներում ինչպես դիմագրավել վտանգներին. ՊՆ-ն համագործակցում է ալպինիստների հետ |armtimes.com|
12:18 - 21 փետրվարի, 2020

Զինվորներին կսովորեցնեն, թե լեռներում ինչպես դիմագրավել վտանգներին. ՊՆ-ն համագործակցում է ալպինիստների հետ |armtimes.com|

armtimes.com: Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան առաջարկել է Պաշտպանության նախարարությանը համատեղ կազմել եւ իրականացնել զինծառայողներին լեռնային պայմաններում աշխատանքի առանձնահատկություններին ծանոթացնելու եւ վտանգներին դիմագրավելու հմտությունների ուսուցման ծրագիր:

Այս լուրը հաստատեց Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ ինքն անձամբ է ընդունել ալպինիստների դիմումն ու փոխանցել գլխավոր շտաբ:

Հովհաննիսյանն այս նախաձեռնությունը որակեց «բավական լավը», իսկ ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քննարկումները ՊՆ-ի հետ արդեն սկսվել են, և այս ծրագիրն առաջիկայում կներդրվի նմանատիպ դասընթացի կարիք ունեցող բոլոր զորամասերում՝ ըստ տեղանքի:

«Հիմա մենք քննարկումներ ենք ունենում՝ հասկանալու համար, թե այդ ամենն ինչպես պիտի տեղի ունենա: Առաջիկա ամիսներին դա կորոշվի: Մի բան միանշանակ է. առաջիկայում այս ծրագիրը կգործարկվի Արցախի ու Հայաստանի բոլոր այն զորամասերում, որտեղ դրա կարիքը կա»,- ասաց Դանիելյանը:

Նա ընդգծեց, որ լեռնային մարզումներ հիմա էլ անցկացվում են զորամասերում: Իրենց առաջարկած ծրագրով փորձ է արվում ավելի կատարելագործել այդ դասընթացը՝ նպատակ ունենալով զինվորականներին դարձնել լեռնային տեղանքին ծանոթ եւ վտանգներից պաշտպանված:

«Հիմա զորամասերում կան ֆիզպատրաստության հրահանգիչներ, որ նաեւ պատասխանատու են լեռնային պատրաստության առումով: Մեր ծրագրով այդ հրահանգիչներին պիտի ուսուցանենք, որ նրանք արդեն տեղում ուսուցանեն զինվորներին: Դա ենթադրում է գրքեր, ծրագրեր, տեղ, գույք, վարժանքի համար համապատասխան հրամաններ նախապատրաստել: Այս աշխատանքն այն չէ, ինչ արվում է լեռնագնացների հետ, այն շատ ավելի բարդ գործընթաց է»,- նշեց Դանիելյանը:

Նրա խոսքով՝ իրենց թիմի դասընթացը հրահանգիչների հետ տեւելու է երեքից ինը ամիս, որից հետո նրանք, արդեն հաշվի առնելով իրենց զորամասերի տեղանքի առանձնահատկությունները, պիտի դասավանդեն զինծառայողներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել