Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ին Ժնև կատարած աշխատանքային այցի շրջանակներում տեղի է ունեցել նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոխգործակցության օրակարգային հարցերի։ Կողմերն արժևորել են Հայաստանի տարբեր գերատեսչությունների հետ ոլորտային համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հումանիտար իրավունքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումների մասով։
Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը Հայաստանում ու Արցախում, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալած գործունեությունը և հայտնեց կազմակերպության հետ համագործակցության շարունակականությունն ապահովելու պատրաստակամությունը:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումներին՝ ԱԳ նախարարը մեծապես կարևորել է համակարտության գոտում բնակվող մարդկանց անօտարելի իրավունքների ապահովումը, նրանց հումանիտար իրավունքի անշեղ իրագործումը։ Առանձնահատուկ նշվեց խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծման կարևորությունը խաղաղ գործընթացների արդյունավետ ծավալման գործում։
comment.count (0)