Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի գործընկերոջ հետ
15:10 - 30 ապրիլի, 2020

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի գործընկերոջ հետ

Հայկական կողմի նախաձեռնությամբ ապրիլի 29-ին տեղի է ունեցել  ՀՀ ԱԳ նախարար  Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Հայաստանի ԱԳ նախարարը հայ ժողովրդի և ՀՀ կառավարության անունից զորակցություն հայտնեց Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ համավարակով պայմանավորված մարտահրավերներն արդյունավետ հասցեագրելու և այն շուտափույթ հաղթահարելու գործում:

Նախարար Մնացականյանն իր իտալացի գործընկերոջը ներկայացրեց նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելման և վերջինիս սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը և իրականացվող ծրագրերը: 

Համավարակի դեմ պայքարի և դրա հետևանքների վերացման համատեքստում ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին միջազգային համագործակցության նոր նախաձեռնությունների շուրջ: 

Անդրադառնալով երկկողմ օրակարգի հարցերին՝ ԱԳ նախարար Մնացականյանը ընդգծեց, որ Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս հայ-իտալական քաղաքակրթական ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների զարգացմանը: Այս համատեքստում արտգործնախարարները դրական գնահատեցին Հայաստանի և Իտալիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Ուղենշվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակի»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի  տարածած հաղորդագրության մեջ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել