Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է կորոնավիրուսի պայմաններում ՀՀ ԱԳՆ գործունեության ուղղությունները |armenpress.am|
15:49 - 04 մայիսի, 2020

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է կորոնավիրուսի պայմաններում ՀՀ ԱԳՆ գործունեության ուղղությունները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է նոր տիպի կորոնավիրուսի պայմաններում ՀՀ ԱԳ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները։ Մնացականյանը նախարարության գործունեության հիմնական ուղղությունները ներկայացրել է Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ լսումների ընթացքում։

«Նոր տիպի կորոնավիրուսի պայմաններում ԱԳՆ գործունեության հիմնական ուղղություններն են.

Արտերկրում գտնվող մեր քաղաքացիների վերադարձ և տեղում իրենց անվտանգության ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկում; Բեռնափոխադրումների անխափանության ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկում և համակարգում; Կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցության իրականացումը՝ ուղղված թե՛ փորձի փոխանակմանը, թե՛ պայքարի համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման աշխատանքների համակարգմանը»,- մանրամասնել է Մնացականյանը:

Նա հավելել է, որ գործընկերների հետ ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան են ներմուծվել COVID-19-ի դեմ պայքարի համար անհրաժեշտ առողջապահական պարագաներ, նյութեր, սարքավորումներ։ Մասնավորապես, Չինաստանից չվերթներով Հայաստան են բերվել անհրաժեշտ առողջապահական պարագաներ, որոնք ձեռք էին բերվել Հայաստանի կառավարության, ինչպես նաև նվիրաբերվել էին ՉԺՀ կառավարական շրջանակների, ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (WFP), տարբեր բարեգործական հիմնադրամների, հայազգի և օտարազգի անհատների կողմից։

«Այս պայմաններում մեզ համար անգնահատելի է ԵՄ և անդամ երկրների, ԱՄՆ, Չինաստանի, ՌԴ, Հնդկաստանի, Ճապոնիայի, ԱՄԷ և Շվեյցարիայի կողմից տրամադրված օգնությունը և ծրագրված աջակցության փաթեթները։ ՌԴ, Իրանի, Վրաստանի մեր գործընկերների հետ փոխգործակցության բարձր մակարդակի շնորհիվ հնարավոր դարձավ մեր քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխման արդյունավետ իրականացումը»,- ասել է նախարարը։

Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ նման համագործակցություն իրականացվել է բազմաթիվ այլ երկրների հետ, որի շնորհիվ հաջողվել է Հայաստան տեղափոխել ՀՀ քաղաքացիներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել