«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով 2019թ. սեպտեմբերի 26-ից սահմանափակվել է զվարճանքի և ժամանցի որոշ օբյեկտների գործունեությունը: Խոսքը, մասնավորապես, դիսկոտեկների, կարաոկեների, հեստապարային ակումբների, շոգեբաղնիքների ու մերսման սրահների գործունեության մասին է:

Որպեսզի տնտեսվարողները չզրկվեն նման գործունեություն ծավալելու իրենց իրավունքից՝ այսօր Երևանի ավագանին սահմանեց դրանց գործունեությունը թույլատրող հստակ չափորոշիչ:

Մասնավորապես, զվարճանքի և ժամանցի օբյեկտները ավագանու որոշմամբ Երևանում իրավունք կունենան գործունեություն ծավալել ուսումնական, կրթական, մշակութային, առողջապահական, մարզական և սոցիալական կազմակերպություններից, հիմնարկներից, հաստատություններից, բազմաբնակարան շենքերից, անհատական բնակելի տներից, հանրային սննդի օբյեկտներից, հյուրանոցներից, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների վարչական շենքերից, զբոսայգիներից, այգիներից, պուրակներից, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերից նվազագույնը 100 մետր հեռավորության վրա:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2021թ. հոկտեմբերի 1-ից:

Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությւոնից:

Երևանի քաղաքապետն ու ավագանու անդամները նկատել են, որ օրենքը որոշակի փոփոխությունների անհրաժեշտություն ունի և համայնքն այդ առումով կարող է նախաձեռնել օրենսդրական նոր կարգավորումներ:

Օրակարգի մեկ այլ հարցով էլ Երևանի ավագանին հավանություն տվեց կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղիների շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին որոշման նախագծին: Այսպիսով, շուրջ 16 ֆիզիկական և իրավաբանական անձինք քաղաքի տարբեր հատվածներում ծառայողական ավտոկայանատեղիների գործունեությունը 2020թ. շարունակելու թույլտվություն ստացան:

Երևանի ավագանու չորրորդ նստաշրջանի առաջին նիստը կգումարվի 2020թ. փետրվարի 11-ին: