Էլեկտրիկ Երևան»՝ 4 տարի անց. ի՞նչ փուլում է իրավունքների ոտնահարման ուղղությամբ տարվող պայքարը․ քննարկում Մեդիա Կենտրոնում․ Ուղիղ |media-centre.am|

07:32 - 24 հունիսի, 2019

media-center.am: «Մեդիա կենտրոնում» տեղի է ունենում քննարկում «Էլեկտրիկ Երևան»՝ 4 տարի անց. ի՞նչ փուլում է իրավունքների ոտնահարման ուղղությամբ տարվող պայքարը» թեմայով:

Բանախոսներն են՝

Աշոտ Մելիքյան՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Հայկուհի Հարությունյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-նախագահ

Արա Ղազարյան՝ փաստաբան

Թագուհի Թովմասյան՝ ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

Թեհմինե Ենոքյան՝ «էլեկտրիկ Երևանի» գործով տուժող ճանաչված լրագրող

Գևորգ Ղազարյան՝ «էլեկտրիկ Երևանի» գործով տուժող ճանաչված լրագրող

Յուրա Մանվելյան՝ «Epress.am» կայքի խմբագիր (կայքի լրագրողները տուժել են էլեկտրիկ Երևանի դեպքերի ժամանակ)


Չորս տարի առաջ՝ 2015 թ. հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում եւ հարակից տարածքներում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ փողոց դուրս եկած քաղաքացիների խաղաղ ցույցերը ոստիկանները ցրել էին՝ կիրառելով անհամաչափ ուժ ու գործի դնելով հատուկ միջոցներ: Ոստիկանական գործողությունների թիրախ էին դարձել նաև այդ իրադարձությունները լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչները։

Նրանց նկատմամբ կիրառվել են ֆիզիկական բռնություններ, զանգվածաբար խոչընդոտվել է օրինական մասնագիտական գործունեությունը, ոստիկանները խլել ու ջարդել են նկարահանող սարքերը, առգրավել են դրանց հիշողության քարտերը (չիպերը)։ Ընդհանուր առմամբ, այդ օրը տուժել է տարբեր ԶԼՄ-ների 24 աշխատակից՝ լրագրողներ, օպերատորներ, լուսանկարիչներ։

Այդ դեպքերով հարուցված քրեական գործով տուժող են ճանաչվել ԶԼՄ-ների 21 ներկայացուցիչներ։ Առայսօր մեղադրանք է առաջադրվել և դատական վճիռ է կայացվել ընդամենը 4 ոստիկանի նկատմամբ։ Եվ դա այն դեպքում, երբ համացանցը ողողված է տեսանյութերով ու լուսանկարներով, որոնք վկայում են, որ ԶԼՄ-ների աշխատակիցների գործունեությունը խոչընդոտողներն ու բռնություններ կիրառողները մի քանի տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր անձինք են։

2019թ. մարտի 4-ին ՀՔԾ-ն որոշել է կասեցնել «Էլեկտրիկ Երևան»-ի դեպքերով հարուցված քրեական գործի վարույթը՝ պատճառաբանելով, թե որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձինք հայտնի չեն:

Երեք տուժած լրագրողներ՝ Հակոբ Կարապետյանը, Գևորգ Ղազարյանը և Թեհմինե Ենոքյանն ապրիլի 2-ին ՀՔԾ-ի որոշման դեմ բողոք էին ներկայացրել դատախազություն, որն էլ վերացրել է «Էլեկտրիկ Երևան»-ի քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշումը և հանձնարարել է վերսկսել նախաքննությունը։

Հունիսի 24-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցող քննարկման ընթացքում անդրադարձ կկատարվի հետևյալ հարցերին՝ ի՞նչ փուլում է «էլեկտրիկ Երևանի» գործը, ինչու չէր հաջողվում այն պատշաճ քննել նախկինում։ Ի՞նչ փուլում է իրավունքների ոտնահարման ուղղությամբ տարվող պայքարը։ Խաղաղ հավաքներն ու մարդու իրավունքների իրացումը՝ նախկինում և հիմա։

Ի՞նչ չի հաջողվել իրականացնել նախկին իշխանություններին։ Ի՞նչ են ակնկալում հետհեղափոխական Հայաստանի իշխանություններից ու իրավապահ մարմիններից, այդ օրը տուժած քաղաքացիներն ու լրագրողները, իրավապաշտպաններն ու բոլոր նրանք, ում համար թանկ է մարդու իրավունքների պաշտպանությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել