Էրիկ Գրիգորյանը հասարակական խորհրդի նիստի մասնակիցների հետ քննարկել է Սևանա լճի հարցը
17:16 - 22 հուլիսի, 2019

Էրիկ Գրիգորյանը հասարակական խորհրդի նիստի մասնակիցների հետ քննարկել է Սևանա լճի հարցը

Սևանա լճի էկոլոգիական վիճակի և ապօրինի անտառհատումների կանխարգելման հարցերն են քննարկվել շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստին։

Քննարկման մասնակիցներին ներկայացվել է Սևանա լճի էկոլոգիական վիճակի, առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել, կապտականաչ ջրիմուռների աճին նպաստող երկու հիմնական գործոնների՝ լճի մակարդակի բարձրացման և ջրի աղտոտման կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Դիտարկվել են նաև լճի էկոլոգիական հավասարակշռությունը խաթարող մյուս գործոնները և դրանց ազդեցության նվազեցման ուղիները։

Հասարակական խորհրդի նիստի մասնակիցները ներկայացրել են իրենց դիրքորոշումները և առաջարկները խնդրի լուծման վերաբերյալ՝ կարևորելով մոնիթորինգների արդյունքների վերլուծության համակարգի ներդնումը, Սևանա լճի ջրի որակի նորմի հաստատումը, կողակի պոպուլացիայի վերականգնումը և այլն։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնել է, որ հնչած առաջարկների հիմնական մասով աշխատանքներն ընթացքի մեջ են, և կարևորել գիտական և փորձագիտական այլ կառույցների հետ համագործակցությունը։

Ապօրինի անտառհատումների հարցի քննարկման շրջանակներում ներկայացվել է հիմնահարցի լուծման նպատակով շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնած օրենսդրական վերջին փոփոխությունները, որոնցով փակվել են ապօրինություններին նպաստող բոլոր իրավական բացերը։ Իրավական նորմով նաև խստացվել են պատժաչափերը՝ առանձին դեպքերի համար նախատեսելով նաև քրեական պատասխանատվություն։ Նիստի մասնակիցների առաջարկով անդրադարձ է կատարվել նաև ԲՀՊՏ-ների կարողությունների հզորացման և անտառապատ տարածքներում հակահրդեհային միջոցառումների իրականացման ուղղությամբ՝ նախարարության նախաձեռնած գործողություններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել