Ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրությունից հետո կանայք ավելի հաճախ են դիմում ոստիկանություն.Զարուհի Հովհաննիսյան |politik.am|
07:14 - 15 հունիսի, 2019

Ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրությունից հետո կանայք ավելի հաճախ են դիմում ոստիկանություն.Զարուհի Հովհաննիսյան |politik.am|

politik.am: Ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրությունը, վատ, թե լավ, կանխարգելիչ նշանակություն ունի, որով պաշտպանական որոշակի մեխանիզմներ են ամրագրված, որոնց պարագայում կանայք կարող են զանգահարել ոստիկանություն և պաշտպանություն ակնկալել: Սա կարելի է համարել որոշակի առաջընթաց, որովհետև ընդամենը 1-1,5 տարի առաջ, երբ կինը զանգահարում էր ոստիկանույթուն և տեղեկացնում, որ իր հանդեպ բռնություն կա, ոստիկանությունը գործիքներ չուներ արձագանքելու, կանխարգելելու կամ որոշակի գործողություններ իրականացնելու. մեխանիզմները բավարար չէին, այս մասին ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը՝ խոսելով Հայաստանում կանանց հանդեպ բռնության աստիճանների մասին:

Ըստ Հովհաննիսյանի՝ այժմ այս կամ այն կերպ դրանք կան, բայց օրենքի անկատարելիությունը ինքնին արդեն իսկ թույլ է տալիս, որ խնդիրը մինչև վերջ չգիտակցվի հասարակության մեջ, այդ թվում՝ նաև քաղաքական շրջանակներում, և մինչև վերջ խնդրի խորը գիտակցությունից ելնելով գործողություններ չիրականացվեն.«Այն է՝ հասարակության գիտակցության փոփոխություն, կրթական համակարգի փոփոխություն և իրավահարաբերությունների՝ տարբեր մակարդակներում փոփոխություններ: Սա դեռևս բավարար չէ»:

Իրավապաշտպանը պնդում է՝ օրենքի ընդունումն ամենևին բավարար չէ, որ խնդիրն իսկապես լուծվի, կամ հանրության մոտ կոնկրետ գիտակցություն առաջանա, որ փոփոխություն կարելի է մտցնել, կամ մարդը կարող է գնալ, դիմել և իրականում օգնություն ստանալ. «Առաջին մակարդակն, իհարկե, իրավապահ համակարգի զգայնությունն է, որը պետք է բարձրանա՝ անկախ նրանից, թե Հայաստանի որ հատվածում են դիմում ոստիկանությանը, պետք է գործի հստակ միևնույն նորմերով, սակայն մենք տեսնում ենք, որ դատաիրավական համակարգը, անկախ ընդունված օրենքներից, շատ հաճախ նույն կարծրատիպերն է կրում, ինչ հասարակությունը: Եվ, մշտադիտարկելով անգամ դատական պրոցեսները, տեսնում ենք, որ շատ կարծրատիպերով պարտադրված և այդ կարծրատիպերից ելնելով՝ կայացվում են այնպիսի վճիռներ, որոնց վրա կարելի է պարզապես ծիծաղել»:

Զարուհի Հովհաննիսյանը նշում է, որ Ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրությունից հետո մարդիկ սկսել են ավելի շատ խոսել դրա մասին և զանգել ոստիկանություն.«Թվերն աճում են, և ոստիկանության տվյալներով՝ նրանք կիրառում են թե՛ նախազգուշացումը՝ որպես կանխարգելիչ միջոցառում, թե՛ անհետաձգելի միջամտությունը, և թե՛ այլ միջոցառումներ, բայց, օրինակ, նախազգուշացման դեպքում վտանգ կա, որ բռնություն տեղի ունենա կնոջ նկատմամբ, որին ամուսինը մեղադրի իրեն ոստիկանությանը հանձնելու մեջ: Այսինքն՝ մենք պետք է շատ խորը ուսումնասիրենք, թե այդ բոլոր պաշտպանական մեխանիզմները որքանով էֆեկտիվ են, որքանով իրապես կանխարգելում և պաշտպանում են ընտանեկան բռնությունից»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել