tert.am: Թբիլիսիի քաղաքային դատարանը նոյեմբերի 18-ի բողոքի ակցիայի 11 մասնակցի մեղավոր է ճանաչել իրավապահ մարմինների օրինական պահանջներին չենթարկվելու և խուլիգանության համար: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

10 մարդ դատապարտվել է 5-ից 13 օրվա վարչական կալանքի, մեկն էլ տուգանվել է 1000 լարիով: Եվս 25 անձանց դատական գործը կքննվի այսօր՝ նոյեմբերի 21-ին:

Դատարանի որոշումն ընդունվել է դատարանի մոտ հավաքված ցուցարարների վրդովված բացականչությունների ներքո: Կալանավորվածներից մեկի փաստաբանը նշել է, որ իրենք բողոքարկելու են դատարանի որոշումը:

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին նշել էր, որ 2020 թվականի ընտրությունները կանցնեն համամասնական ընտրակարգով, որից հետո հոկտեմբերի վերջին խորհրդարանն անցել է Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ անելուն, սակայն իշխող կուսակցությունից շատ պատգամավորներ, որոնք ընտրվել էին մեծամասնական համակարգով, չեն աջակցել այս ծրագրին, ինչի պատճառով այն տապալվել է: