ՀՀ գլխավոր դատախազությունում Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակում իրականացված անտառածածկույթի հատմամբ հասցված վնասի հատուցման պետական ծրագրով նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքում հայտանբերված չարաշահումներոբ քրգործ է հարուցվել:

Դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակում ՀՀ կառավարության 2007թվականի որոշմամբ թույլատրվել է Լոռու մարզի գյուղական համայնքների վարչական սահմաններում, ինչպես նաև վարչական սահմաններից դուրս գտնվող մոտ 357 հեկտար անտառային ծածկույթի հատումը:

Իսկ ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարներին հանձնարարվել էր հաստատել անտառային ծածկույթի հատմամբ անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման ծրագիր` դրանում նախատեսելով նաև հատված անտառային ծածկույթին համարժեք ծառատունկի իրականացում և նոր տնկված ծառերով տարածքը պահպանում և խնամում:

ՀՀ բնապահպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարների 2008-ի փետրվարի համատեղ հրամաններով կանոնակարգվել է անտառային ծածկույթի հատման, ինչպես նաև անտառային տնտեսությանը հասցված վնասի հատուցման գործընթացը: Դրա շրջանակում 2012-ի հուլիսի 27-ին «Թեղուտ» ՓԲԸ-ի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև կնքվել է պայմանագիր, որով ՊՈԱԿ-ը պարտավորվել է 2012-2015-ին 431.6 մլն դրամի դիմաց 315 հա տարածքում կատարել ցանկապատման, անտառ-մշակույթների հիմնման՝ անտառապատման, անտառ-մշակույթների ագրոտեխնիկական խնամքի, խոտհունձի և լրացման աշխատանքներ:

Անտառապատման և խնամքի աշխատանքների կատարման վերաբերյալ վերահսկողության իրականացման պարտականությունը դրվել է ՀՀ բնապահպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների վրա:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից 2012-2015-ի կազմած փաստաթղթերի համաձայն` ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից ստուգվել են վերոհիշյալ պայմանագրի շրջանակներում Վանաձորի և Սպիտակի անտառպետությունների՝ ընդհանուր 132 հա տարածք ընդգրկող երեք տարբեր հատվածներում 2012-2015-ին կատարված սերմնաբուսակների տնկման, ցանկապատման և ագրոտեխնիկական խնամքի աշխատանքները, որոնք համարվել են կատարված և դրա դիմաց «Թեղուտ» ՓԲԸ-ից «Հայանտառ» ՊՈԱԿ-ին փոխանցվել է մոտ 114.5 մլն դրամ:

Մինչդեռ, «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2018-ի սեպտեմբերի 4-ին և 2019-ի ապրիլի 9-ին իրականացված դիտարկում-ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ նշված տարածքներում տնկված ծառատեսակների զգալի մասը չի պահպանվել, մյուս մասն ամբողջությամբ չորացել է և մեծ քանակությամբ տնկարկներ վնասվել են տերևակեր վնասատուներով:

Այդ հանգամանքները վկայում են, որ նշված տարածքներում պայմանագրով նախատեսված անտառապատման, ինչպես նաև անտառ-մշակույթների ագրոտեխնիկական խնամքի աշխատանքները ընդհանրապես չեն կատարվել կամ կատարվել են մասնակի:

Այսպիսով, ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, առերևույթ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2012-2015-ի աշխատանքների կատարման կարգագիր ակտերում իրականությանը չհամապատասխանող, ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ են մտցրել մոտ 114.5 մլն դրամ անտառապատման, ագրոտեխնիկական խնամքի աշխատանքները կատարված լինելու վերաբերյալ` պետության համար առաջացնելով ծանր հետևանք:

Իսկ ՀՀ բնապահպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների պաշտոնատար անձինք առերևույթ ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով 2012-2015-ին չեն կատարել հրամանով և պայմանագրով իրենց վրա դրված վերահսկողության պարտականությունը, ինչի հետևանքով պետության համար առաջացրել են ծանր հետևանքներ:

Ուսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի, 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

 

ՀՀ գլխավոր դատախազություն