«Թող փորձեն ապացուցել, որ կա նման բան». Բագրատյանը՝ Ծառուկյանին պատգամավորի մանդատից զրկելու հիմքերի մասին  |news.am|
08:19 - 30 ապրիլի, 2019

«Թող փորձեն ապացուցել, որ կա նման բան». Բագրատյանը՝ Ծառուկյանին պատգամավորի մանդատից զրկելու հիմքերի մասին |news.am|

news.am: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով «Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությանը, որը դիմել էր ԱԺ նախագահին եւ գլխավոր դատախազին՝ պահանջելով Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսել՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը:

Նաեւ պահանջել են քրեական հետապնդում սկսել նույն հիմքով՝ նշելով, որ Ծառուկյանն ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն է ծավալում:
«Եթե կարող են ապացուցել... եթե որեւէ մեկը հայտարարություն է անում որեւէ անձի վերաբերյալ, պետք է ինքը ապացուցի իր ասածը: Թող փորձեն ապացուցել, որ կա նման բան»,-ասաց Բագրատյանը:

Դիտարկմանը, որ ՔՈ կուսակցությունն իր հայտարարությունում վկայակոչելով այն փաստը, որ Ծառուկյանը հրապարակավ հայտարարել է, որ հրահանգել է ցեմենտի գինը իջեցնել 10 հազար դրամով կամ հրահանգել է աշխատակիցներին աշխատավարձ տալ, ինչը վկայում է, որ ձեռնարկատիրական գործունեություն է ծավալում, ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքեց.

«Այն, ինչ ասվում է, չպետք է հիմք ընդունել: Պետք է հիմք ընդունել միայն օրենքով քննված դեպքերը: Պետք է քննության առարկան հստակեցնել: Վարչապետը հստակ հայտարարեց, որ չկան օլիգարխներ խորհրդարանում, չկան գործարարներ, կան սեփականատերեր:

Մենք հիմք ենք ընդունում երկրի բարձրագույն իշխանության հայտարարությունը: Դա է ինձ համար հիմք»,- հավելեց պատգամավորը:

Հարցին, հնարավոր համարո՞ւմ է, որ Գագիկ Ծառուկյանը կարող է զրկվել մանդատից, Բագրատյանն ասաց. «Դուք վերացական հարցեր եք տալիս: Մենք խոսում ենք առարկայական: Մենք ասում ենք՝ բոլորը հավասար են օրենքի առջեւ, որեւէ մեկն արտոնյալ չի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել