Թովմասյանը մեր աչքի լույսը չէ, բայց չենք մասնակցում Ձեր ոչ լիարժեք նախագծի քննարկմանը․ Իվետա Տոնոյանը՝ «Իմ քայլին»․|shantnews.am|
12:29 - 03 հոկտեմբերի, 2019

Թովմասյանը մեր աչքի լույսը չէ, բայց չենք մասնակցում Ձեր ոչ լիարժեք նախագծի քննարկմանը․ Իվետա Տոնոյանը՝ «Իմ քայլին»․|shantnews.am|

shantnews.am:Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած գործընթացին ԲՀԿ խմբակցությունը չի մասնակցելու։ Խմբակցության ղեկավարի երեկվա հայտարարությունը այսօր կրկնեց և բացատրեց նաև խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։


Պատգամավորը բացատրեց, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններից հետո սոցցանցերում և մամուլում իրենց դեմ արշավ է սկսվել։ Իսկ որոշ պատգամավորներ այսօր ԲՀԿ պատգամավորներին կոչ էին անում միանալ իրենց նախաձեռնությանը։ Բայց Տոնոյանը բացատրեց, որ իրենք «Իմ քայլի» նախագիծը ոչ լիարժեք են համարում, քանի որ խախտվել են ժամկետներ։

«Բազմաթիվ անգամներ առիթ ունեցել ենք ասելու՝ Հրայր Թովմասյանը բնավ մեր աչքի լույսը չէ։ Համենայնդեպս, ԲՀԿ խմբակցությունից որևէ մեկի կուռքը չէ, որևէ մեկը նրա ֆան-ակումբի անդամ չէ։ Եվ հենց սա վկայակոչում է հենց այն հանգամանքը, որ մենք դեռևս 2018 թվականին դեմ ենք քվեարկել նրա թեկնածությանը և դրա համար ունեցել ենք մեր հիմնավոր փաստարկները։ Սակայն մենք այսօր չենք մասնակցում ձեր ներկայացրած նախագծի, իրավական առումով ոչ լիարժեք նախագծի քվեարկությանը և չենք դիտարկում Հրայր Թովմասյանի լիազորությունների և կոմպետենտության հարցը»,- ասաց Տոնոյանը։

Նա ասաց, որ եթե երբևէ կարգապահական խախտումներ նկատեն, ապա կաշկանդված չեն նոր նախաձեռնություն սկսել։


Իսկ «Իմ քայլի» գործընկերներին, որոնք ԲՀԿ անդամներին հորդորում էին մասնակցել քվեարկությանը, ասաց, որ եթե այդքան կարևոր էր այդ բոլոր խմբակցությունների կարծիքը, ապա կարող էին մինչև նախագիծը նախնական քննարկումներ ունենալ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել