azatutyun.am: Օրինագիծը, որ թույլ կտա թուրքական ստորաբաժանումներ ուղարկել Լիբիա, խորհրդարան կուղարկվի արդեն այսօր, Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն այս մասին լրագրողներին է հայտնել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլույի հետ այսօր Անկարայում կայացած հանդիպումից հետո:

«Լիբիա ստորաբաժանումներ ուղարկելու պաշտոնական թույլտվության նախագիծն Արտգործնախարարությունն օրերս ուղարկել էր նախագահի աշխատակազմ: Այսօր մենք տեղեկացանք, որ այդ նախագիծը նախագահ Էրդողանի ստորագրությամբ արդեն իսկ ուղարկվել է խորհրդարան», - նշել է Չավուշօղլուն: Նախապես ենթադրվում էր, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը Լիբիա զորքեր ուղարկելու հարցը կքննարկի հունվարի 8-ին կամ 9-ին:

Թուրքական որոշ աղբյուրների ոչ պաշտոնական տեղեկություններով՝ խորհրդարանի արտահերթ նիստը կարող է կայանալ արդեն գալիք հինգշաբթի` հունվարի 2-ին: