ermenihaber.am: Թուրքիայում ապրիլի 2-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է ևս 79 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 18.757 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2․456 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 79 դեպք։

1101 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Վերջին 24 ժամում ապաքինվել է 82 հիվանդ։ 

Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 18․135 հաստատված դեպք և մահվան 356 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարվել է 125․556 թեստավորում և ապաքինվել  415 հիվանդ։

Քոջան նաև հաղորդել է, որ նախորդ օրվա համեմատ ապրիլի 2-ին թեստավորման քանակը 4․000-ով ավելացել է և նվազել է դրական ախտորոշումների թիվը։ Նրա խոսքով՝ Թուրքիայում համավարակից մահացածների 82 տոկոսը 60-ից բարձր տարիք ունեցող մարդիկ են։