tert.am։ Անկարայում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդունել է իր վրացի գործընկեր Իրաքլի Ղարիբաշվիլիին: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքը:

Իրաքլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Հուլուսի Աքարին՝ Թուրքիայի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու և Վրաստանի՝ եվրաինտեգրման գործում Թուրքիայի ունեցած դերի համար: Նա թուրքական կողմին ծանոթացրել է Վրաստանի պաշտպանական համակարգի վերափոխումներին, որոնք ուղղված են ՆԱՏՕ-ի հետ օպերատիվ համատեղելիության մակարդակի բարձրացմանը և Վրաստանի պաշտպանունակության բարձրացմանը:

Կողմերը քննարկել են նաև Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմական կրթության ոլորտում համագործակցության կարևորության և այդ ուղղությամբ համագործակցությունը խորացնելու հարցը: Քննարկվել է նաև Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ համագործակցության հարցը:

Ընդլայնված հանդիպումից հետո Ղարիբաշվիլին և Աքարը ստորագրել են համաձայնագիր՝ Թուրքիայի և Վրաստանի կառավարությունների միջև ռազմաֆինանսական համագործակցության վերաբերյալ: Ըստ համաձայնագրի՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Վրաստանին տրամադրելու է 100 միլիոն թուրքական լիրայի (մոտ 17 միլիոն դոլար) չափով դրամաշնորհ: