Թռչունյան տան կողմից տրամադրվող ծառայությունների որակը շատ խնդրահարույց է. փոխնախարար
05:51 - 05 հունվարի, 2020

Թռչունյան տան կողմից տրամադրվող ծառայությունների որակը շատ խնդրահարույց է. փոխնախարար

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Գյումրիում տեղակայված Թռչունյան տուն հաստատության վերաբերյալ նախարարության ձեռնարկած քայլերի մասին:


«Գյումրիում տեղակայված Թռչունյան տուն հաստատության վերաբերյալ շրջանառվում են հակասական տեղեկություններ, որոնցից մի մասի դեպքում պնդում է արվում, թե Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը չի հետաքրքրում հաստատությունում գտնվող երեխաների հարցը, ինչը չի համապատասխանում իրականությանը, ուստի հարկ եմ համարում ներկայացնել նախարարության կողմից այս ընթացքում ձեռնարկված մի շարք քայլերի մասին տեղեկատվությունը.
- Թռչունյան տան ֆինանսավորման խնդիրների ի հայտ գալու հետ մեկտեղ նախարարությունը թե պաշտոնապես հաղորդագրություն է տարածել (http://www.mlsa.am/?p=24105), թե տարբեր կողմերի, այդ թվում՝ Թռչունյան տան տնօրինության, մարզպետարանի, Հայ առաքելական եկեղեցու հետ քննարկումներում մշտապես շեշտել է, որ պատրաստ է երեխաների ծնողների կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից նման որոշում կայացնելու դեպքում անմիջապես ստանձնել Թռչունյան տանը գտնվող այն երեխաների խնամքը, որոնք ունեն դրա կարիքը՝ կազմակերպելով այն Գյումրու թիվ երկու գիշերօթիկ խնամքի հաստատությունում մինչև 2020 թվականի հունիսի 25-ը և այս ընթացքում աջակցելով այս երեխաների ընտանիքներին՝ վերադարձը ընտանիք հնարավոր դարձնելու համար։
- Նախարարության հստակ դիրքորոշումն է, որ անհրաժեշտ է իրականացնել երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման հետևողական քաղաքականություն, որի շրջանակներում առաջիկա տարիներին նախատեսված է ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական շուրջօրյա և գիշերօթիկ խնամքի հաստատությունների լուծարում և վերակազմավորում՝ աջակցությունն ուղղելով, առաջին հերթին, այդ երեխաների ընտանիքներին և կանխարգելելով երեխաների մուտքը հաստատություններ, իսկ բոլոր այն դեպքերում, երբ դա հնարավոր չէ, ապահովել երեխայի հետագա խնամքը փոխարինող ընտանիքում՝ որդեգրման, խնամակալության կամ խնամատարության միջոցով։ Այս տեսանկյունից ենք դիտարկում նաև Թռչունյան տուն հաստատության շուրջ ստեղծված իրավիճակը՝ առաջնահերթ համարելով դրանում խնամվող երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման անհրաժեշտությունը։
- Նախարարությունը նույն հաղորդագրությամբ նշել էր և այս ընթացքում իրականացրել է նաև Թռչունյան տանը գտնվող երեխաների ընտանիքների կարիքների գնահատում՝ հասկանալու ընտանիքներին անհրաժեշտ աջակցության ծավալներն ու երեխաների վերադարձի հնարավորությունները։ Մասնավորապես, նախարարության աշխատակիցներն այցելել են երեխաների ընտանիքներին, աշխատանքներ են իրականացրել հաստատությունում՝ իրավիճակն ամբողջությամբ հասկանալու համար։ Կարիքների գնահատումն ամփոփվել է և ուղարկվել թե մարզպետարան, թե Գյումրու քաղաքապետարան՝ որպես խնամակալության և հոգաբարձության մարմին, որն իրավասու է որոշում կայացնել երեխաների լավագույն շահերից ելնելով։
- Ինքս նոյեմբերի երկրորդ կեսին այցելել եմ Թռչունյան տուն և խոսել տնօրենի հետ՝ բացատրելով, որ հաստատության՝ պետության կողմից ֆինանսավորման մասին խոսք չի կարող լինել, իսկ երեխաների խնամքն ու ընտանիքների աջակցությունը պատրաստ ենք սկսել օր առաջ։ Հաստատության տնօրենի հավաստմամբ՝ հավանական դոնորի հետ բանակցություններն ընթացքում էին , ուստի առաջարկում էին շուրջօրյա խնամքի բաղադրիչի փակմանը գնալ աստիճանաբար՝ մինչև մայիս։ Աստիճանական ու պլանավորված տարբերակը նախընտրելի համարելով՝ շեշտել ենք, որ ցանկացած պարագայում հաշվված օրերի ընթացքում երեխաների խնամքը կկազմակերպենք՝ անկախ որևէ բանակցությունից և որ շուրջօրյա խնամքի բաղադրիչն ընդհանրապես չենք դիտարկում՝ իբրև հետագա գործունեություն Թռչունյան տան կողմից։ Այդուհանդերձ, նախարարության հետագա քննարկումները եկեղեցու հետ պարզ են դարձնում, որ հավանական դոնորի հետ բանակցությունները հաջողությամբ չեն ավարտվել։
- Նախարարությունն իրավիճակը մի քանի անգամ քննարկել է նաև եկեղեցու սոցիալական ծառայության հետ՝ հանգելով համաձայնեցված դիրքորոշման, որ անհրաժեշտ է օր առաջ երեխաների լավագույն շահից ելնող որոշում կայացնելու համար դիմել խնամակալության և հոգաբարձության մարմնին, քանի որ հաստատության ծառայություններից օգտվում են երեխաներ, որոնք ունեն ծնողներ և խնամակալներ, այսինքն՝ ճանաչված չեն իբրև առանց ծնողական խնամքի մնացած և պետությունն իրավասու չէ որոշել նրանց՝ այս կամ այն ծառայությունից օգտվելու հարցը, սակայն այդ իրավիճակում անթույլատրելի է համարում երեխաների հետագա գտնվելը հաստատությունում։ Նման գրությունը դեկտեմբերին արդեն իսկ ուղարկվել է խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ հորդորելով իրականացված կարիքների գնահատման արդյունքները հաշվի առնելով՝ կայացնել որոշումներ։
- Մարզպետի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հունվարի սկզբին համատեղ քննարկում կկազմակերպվի՝ այլ բոլոր հարցերին ընթացք տալու համար։
- Հարկ եմ համարում շեշտել նաև, որ Թռչունյան տան շենքը նվիրաբերված է եկեղեցուն, իսկ հաստատության գործունեությունն իրականացնում է Թռչունյան տուն ՍՊԸ-ն։ Ընդ որում, սա ոչ միայն խնամքի կենտրոն է, այլ առավելապես կրթական ծրագիր իրականացնող հաստատություն է, որի որոշ սաներ նաև շուրջօրյա խնամք են ստանում։ Մասնավորապես, 2017թ. սեպտեմբերի 22-ին «Թռչունյան տուն»-ը վերանվանվել է որպես դպրոց և երեխաների աջակցության կենտրոն: Բացի այդ, 2004թ. հուլիսի 23-ից Կրթության և գիտության նախարարությունը տրամադրել է լիցենզիա (թիվ 296 և թիվ 297), որոնց հիման վրա «Թռչունյան տուն»-ը լիազորվել էր իրականացնել կրթական գործունեություն: Ընդ որում, այն երեխաների համար, որոնք հաճախում են միայն դպրոց, կրթական ծառայություններից օգտվելու համար ՍՊԸ-ի կողմից գանձվում է 6000 դրամ ամսավճար։ Այսպիսով, առաջնահերթ կարևորություն ունի դպրոցի անհրաժեշտության գնահատման հարցը, քանի որ շրջակայքում բնակվող երեխաների ծնողները, հղելով Առափիում գտնվող դպրոց տանող ճանապարհի կամուրջի վատ վիճակին, գերադասում են երեխաներին ուղարկել Թռչունյան տուն, նրանց զգալի մասը սոցիալապես ոչ բարենպաստ վիճակում է և կրթական ծառայության ամսավճարներ անելու խնդիր է ունենում, կուտակում պարտքեր, որի պատճառով հաստատությանը առաջարկում է երեխաներին գրանցել շուրջօրյա խնամքի բաղադրիչում, ինչի պարագայում ամսավճար կատարելու հարց չի առաջանում։Սա առաջ է բերել զուտ կրթական ծառայություններից օգտվելու ֆինանսական մատչելիության պատճառով երեխաներին շուրջօրյա խնամքի հանձնելու մոտեցման արմատավորում՝ ավտոմատ մեծացնելով շուրջօրյա խնամքի երեխաների թիվը։ Կարծում ենք՝ շատ կարևոր է ապահովել երեխաների՝ անվճար հանրակրթություն ստանալու իրավունքը՝ առանց առաջ բերելու ընտանիքից անջատվելու և հաստատությունում հայտնվելու հետևանքը։
- միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ Թռչունյան տան կողմից տրամադրվող ծառայությունների որակն ըստ իրականացված տարբեր ստուգումների, ուսումնասիրությունների և դիտարկումների, այդ թվում իրականացված ՄԻՊ-ի գրասենյակի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և այլ կառույցների կողմից, շատ խնդրահարույց է, մասնավորապես, կրտսեր դասարանների երեխաների կրթական գիտելիքների ու հմտությունների գնահատման արդյունքում պարզվել է, որ նրանցից ոմանք չունեն մայրենի լեզվով գրելու, կարդալու, խոսելու և թվաբանության տարրական գիտելիքներ և հմտություններ: Պատկերը նույնն էր կրթության միջին և ավագ դասարաններում: Դպրոցի աշակերտների 15%-ը կրկնում է նույն դասարանը, 19%-ը ներառական կրթության կարիք ունի, ընդ որում, գրեթե 60%-ը միջին առաջադիմություն ունի, և ընդհանուր թվում շատ քիչ են լավ առաջադիմությամբ աշակերտները: Մասնագետների կողմից երեխայի անհատական վերականգնման ծրագրեր մշակված չեն, երեխաների շուրջ 40%-ի զարգացումը հետ է մնում նրանց տարիքային աճի նորմերից: 16 երեխա գնահատվել է հատուկ մանկավարժի կողմից. արդյունքները ցույց են տվել իրենց տարիքի համեմատ ցածր իրազեկվածություն և ընդհանուր կոգնիտիվ կարողությունների ցածր մակարդակ»,- գրել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել