Միացյալ Նահանգների նախագահը առաջին անգամ օգտվել է վետո կիրառելու իր իրավունքից և արգելափակել Կոնգրեսի բանաձևը, որը չեղարկում էր Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն հայտարարելու մասին Սպիտակ տան որոշումը:

Նախագահ Թրամփը որոշումը կայացրել էր փետրվարի 15-ին, որպեսզի կարողանա արտաբյուջետային աղբյուրներից գումար վերցնել՝ Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու, ապօրինի ներգաղթյալների հոսքը դադարեցնելու համար:

Սա Դոնալդ Թրամփի նախընտրական գլխավոր խոստումներից մեկն է, որը նախագահը մինչ օրս չի կարողանում իրագործել՝ ընդդիմադիր դեմոկրատների ու նաև որոշ հանրապետական օրենսդիրների դիմակայության պատճառով:

«Կոնգրեսը ազատ է բանաձև ընդունելու հարցում, ես՝ իմ վետոյի իրավունքը կիրառելու», - երեկ հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Դեմոկրատները նշել են, որ կշարունակեն պայքարը և տասն օրից՝ մարտի 26-ին, Ներկայացուցիչների տանը քվեարկության կդնեն նախագահական վետոն վերացնելու հարցը:

azatutyun.am