Թրամփի իմփիչմենթի գործով վերջնական նիստը՝ փետրվարի 5-ին |azatutyun.am|
12:38 - 01 փետրվարի, 2020

Թրամփի իմփիչմենթի գործով վերջնական նիստը՝ փետրվարի 5-ին |azatutyun.am|

azatutyun.am։ ԱՄՆ Սենատում հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի դատական գործով վերջնական քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 5-ին:

Հունվարի 31-ին կայացրած վճռով Սենատը 49 կողմ 51 դեմ քվեների հարաբերակցությամբ մերժել է դատավարության համար նոր վկաներ կանչելու և լրացուցիչ ցուցմունքներ լսելու դեմոկրատների առաջարկը:

Դեմոկրատները, մասնավորապես, պնդում էին, որ Սենատում ցուցմունք տա Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը:

Սենատի հանրապետականների մեծամասնության ղեկավար Միթչ ՄըքՔոնելը քվեարկությունից հետո ասել է, որ լրացուցիչ ցուցմունքներ լսելու և փաստաթղթեր ուսումնասիրելու անհրաժեշտություն չկա, «քանի որ Ներկայացուցիչների տան անցկացրած հետաքննությունը բավական է»:

Դեմոկրատներին զայրացրել է հանրապետականների դիրքորոշումը: «Ամերիկան կհիշի այս օրը, դժբախտաբար, Սենատը չկատարեց իր պարտքը և այս կեղծ դատավարությամբ երեսը թեքեց ճշմարտությունից», - ասել է Սենատում դեմոկրատների փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը:

Ներկայացուցիչների տունը 2019 թվականի դեկտեմբերի 18-ին իմփիչմենթի է ենթարկել Թրամփին, նրան մեղադրելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և օրենսդիրների աշխատանքը խոչընդոտելու մեջ:

Դեմոկրատների պնդմամբ, Թրամփն ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ 2019-ի ամռանը տեղի ունեցած հեռախոսազրույցում ճնշում է գործադրել և փորձել է կորզել այս տարվա աշնանը կայանալիք ընտրություններում հավանական թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենին վարկաբեկող տեղեկություններ:

Թրամփը կտրականապես հերքում է մեղադրանքը և իմփիչմենթը «շինծու գործ» է որակում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել