tert.am: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Վենեսուելայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:

«Նախագահ Դոնալդ Թրամփը և Մակրոնը քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները, ինչպես նաև խոսել են Վենեսուելայում ստեղծված իրավիճակի մասին»,- գրված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի Ալտամիրա ճանապարհային հանգույցի տարածքում ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 35 մարդ է տուժել:

Այսօր առավոտյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն, որն իրեն երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել, իր կողմնակիցների հետ հավաքվել էր մայրաքաղաքի «Կառլոտա» ռազմական բազայի մոտ գտնվող մայրուղում:

Ավելի վաղ նա կոչ էր արել ժողովրդին և բանակին փողոց դուրս գալ՝ աջակցելու «Ազատություն» գործողությանը, որի նպատակը երկրի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնանկ անելն է: Վերջինս իր հերթին հայտնել է, որ երկրի զինված ուժերը հավատարիմ են մնում իշխանություններին: