Իմ հայրն, իհարկե, մասնակցություն ունի իմ բոլոր հաջողությունների մեջ, բայց այդ Միշա Գրիգորյանն ինձ հետ կապ չունի․Վ․Գրիգորյանը՝ Գորգիսյանին |tert.am|
08:56 - 18 հունիսի, 2019

Իմ հայրն, իհարկե, մասնակցություն ունի իմ բոլոր հաջողությունների մեջ, բայց այդ Միշա Գրիգորյանն ինձ հետ կապ չունի․Վ․Գրիգորյանը՝ Գորգիսյանին |tert.am|

tert.am: ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ՍԴ դատավորի ընտրության ժամանակ թեկնածու Վահե Գրիգորյանին ասաց, որ ուսումնասիրել է նրա կենսագրությունը և պարզել, որ 1997-ից աշխատել է Արցախի զինվորական դատախազությունում, որպես հատուկ բաժնի պետի օգնական, քննիչ, ապա դատախազի օգնական։ «Բայց նույն կենսագրականում գրված է, որ 1997-99 թթ-ը զորակոչվել է զինվորական ծառայության։ Ինչքանո՞վ էր այս երկուսը համատեղելի և առհասարակ, 99-ին առանց որևէ կոռուպցիոն սխեմայի կամ միջամտության հնարավո՞ր էր սա»,-հարցրեց նա։

Գորգիսյանը շարունակեց, որ հեռու է գնացել և նայել 99թ-ին Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված դատախազների պաշտոնեական պիտանելիության ցուցակը և Վահե Գրիգորյանի անունից երկու անուն վերև գրված է եղել Միշա Գրիգորյան անունը։ «Արդյոք ձեր հայրը օգնե՞լ է ձեր բացառիկ ձեռքբերումների համար»,-հարցրեց նա։

Վահե Գրիգորյանը նշեց, որ իր հայրն, իհարկե, մասնակցություն ունի իմ բոլոր հաջողությունների մեջ։ «Որովհետև առաջին հերթին իմ հայրն է, ինքն է ինձ դաստիարակել, իմ հայրը բանվոր մարդ է եղել, մայրս էլ հաշվապահ, սովորական ծառայող է։ Իմ մասնագիտական հաջողությունները ձեռք եմ բերել իմ վաստակով և աշխատանքով, բայց ես դրանց համար պարտական եմ առաջնահերթությամբ հորս, հետո՝ մորս, իսկ այդ Միշա Գրիգորյանը ինձ հետ կապ չունի»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է զինվորական ծառայության ընթացում դատախազության բարձրաստիճան սպա լինելուն, Վահե Գրիգորյանն ասաց, որ դա եղել է հենց իր զինվորական ծառայությունը։ Նա ներկայացրեց, որ 97-ին, երբ ավարտել է ԵՊՀ-ն, սեփական կամքով զորակոչվել է Արցախ ծառայության իր 8 կուրսընկերների հետ, ընդ որում՝ որպես շարքային և ոչ թե սպա։ Այնուհետև, ինքը Մատաղիսում էր ծառայում, Սամվել Բաբայանի հրամանով իրավաբանական կրթություն ստացածներին, առանց նրանց կամքը հարցնելու, նշանակել են դատախազությունում ծառայության, որից հետո ինքն արդեն առաջխաղացում է ունեցել: Դրանից հետո ինքը որոշել է դուրս գալ համակարգից, քանի որ երբեք չի ցանկացել իրավական համակարգում աշխատել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել