Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ։

Պարոն Հակոբյան, Դուք հարցադրումներ եք հնչեցնում՝ նշելով, որ ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանը հնարավոր է օտարերկրյա գործակալ է, այդ ասվածը ունի՞ հիմք, և հնարավո՞ր է, որ առաջիկայում չակերտներն ավելի բացեք:

Ես ոչ մի ինֆորմացիա չեմ հաղորդել, ես հարցեր եմ տվել: Իսկ հարցեր տալու հիմք չեմ կարծում, որ պետք է ունենամ: Ինձ մոտ ծագել է այդ հարցը, և ես այդ հարցը տվել եմ: Այսինքն՝ համաձայն չեմ, որ լուրջ հիմքեր պետք է ունենալ հարցեր տալու համար:

Այսինքն՝ այդ հարցերը որևէ հիմք չունեի՞ն:

Ինձ մոտ հարցեր են առաջացել, մտածել եմ, որ այդ հարցերը միգուցե միայն ինձ չեն հետաքրքրում, հանրությանն էլ կարող է հետաքրքրել, դրա համար բարձրաձայնել եմ:

Տեսակետ կա, որ հնչեցրած լրջագույն մեղադրանքները չէին կարող ուղղակի օդից վերցրած լինեին:

Հասկանում եմ, բայց ես որևէ մեկին որևէ բանում չեմ մեղադրել: Այսինքն՝ ես չեմ պնդել, որ դա էդպես է, ես հարցեր եմ բարձրացրել:

Ինչպե՞ս եք գնահատում Վանեցյանի  հայտարարությունները, թե փայաբաժինների փոփոխության ողջ պատմությունը կատարվել է Նիկոլ Փաշինյանի գիտությամբ: Ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում իշխանություն-Վանեցյան փոխհրաձգությունը:

Չեմ կարող ասել, Վանեցյանը մտել է քաղաքականություն կամ փորձում է մտնել քաղաքականություն և ընդդիմադիր դաշտում փորձում է  ինչ-որ տեղ զբաղեցնել, և դրա համար են այս հայտարարություններն արվում: Ինչպես գիտեք, շատերն այսօր, այդ թվում նաև իրենք,  փորձում են առիթն օգտագործելով ցեխ շպրտել, բայց հանրությունը վաղուց արդեն տվել է իր  գնահատականը թե Արթուր Վանեցյանին, թե այն բոլոր մարդկանց, խմբավորումներին, որոնք այսօր փորձում են նման հայտարարություններ անել, ծայրից ծայր սուտ, վերից վար սուտ հայտարարություններ:

Ձեր հայտարարությունում նաև շատ հստակ ձևակերպումներ կային, ասենք, նշում եք՝ կարո՞ղ է պարզվի՝ Փաշինյանը պարզել է Վանեցյանի հավաքագրման պայմանները, Շվեյցարիայում գտնվող Արթուր Վանեցյանի ոչ միայն վարչապետի ու ՀՔԾ պետի հետ ունեցած հեռախոսազրույցներն են գաղտնալսվել, այլ նրա և Միքայել Միասյանի բանակցությունները:

Ավելացնելու բան չունեմ, ինչ պետք է ասեի, արդեն ասել եմ:

Արթուր Վանեցյանի հիմնադրամն արձագանքել է ու նշել՝ հերթական անլուրջ և անպատասխանատու հայտարարությունը մեկնաբանելու կարիք չենք տեսնում:

Խնդրեմ: Ինչպես ռուսներն են ասում՝ այն, ինչ պահանջվում էր ապացուցել: Նախ ես հայտարարություն չեմ արել, հարց եմ տվել: Եթե իրենք գտնում են, որ կարիք չկա մեկնաբանելու, թող չմեկնաբանեն, շատ լավ: Ուրեմն այս հարցերը հանրության մոտ այդպես էլ կմնան անպատասխան:

Շարունակությունը՝ lragir.am-ում