news.am: Ես հրաժարվել եմ որեւէ ցուցմունք տալուց։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՍԴ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ՀՔԾ քննիչների կողմից իր հարցաքննությանը:

«Քննիչն ասաց, որ իր կյանքում այսպիսի մեղադրյալ չի տեսել, որ այսպիսի տրամադրություն ունենա, ասաց՝ երեւի աշխարհում որեւէ քննիչ չի տեսել։ Չի տեսել շատ պարզ պատճառով, որ մի օր մեղադրանք էր առաջադրվելու, ինձ 6 ամիս առաջ դրա մասին զգուշացրել էին, որ «իքս», «իգրեկ», «զեթ» քայլերը չանելու համար ձեզ մի օր մեղադրանք կառաջադրվի։ Ուստի դրա մասին մի օր կխոսեմ։

«Իքս», «իգրեկ», «զեթ» քայլերը հրաժարական տալն էր։ Այս մեղադրանքը՝ 308-ի 2-րդ մասով, առաջադրելն իմ կյանքում ոչինչ փոխել եւ չի կարող փոխել։ Մենք բաժանվեցինք որպես պրոֆեսիոնալներ քննիչի հետ եւ ես իրեն ասացի, որ ես որպես պրոֆեսիոնալ իրեն գնահատում եմ, բայց ցավում եմ, որ ինքը ներգրավված է ոչ թե իրավական պրոցեսների մեջ այլ քաղաքական պրոցեսների մեջ։ Ես հրաժարվել եմ որեւէ ցուցմունք տալուց»,-հայտարարեց Թովմասյանը:

Նա ընդգծեց, որ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջին 6-7 ամիսներին ՍԴ-ն աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո. «Այդ ճնշումները ոչ միայն հայհոյախառն էին, ոչ միայն սպառնալիքներ էին, ոչ միայն այսօրվա մասին զգուշացումներն էին, այլ կոնկրետ բռնության կոչերն էին եւ դրանց դրսեւորումներն էին, բայց այդ ժամակահատվածում ՍԴ-ն, փառք ու պատիվ բոլոր դատավորներին, աշխատել է առանց որեւէ խոչընդոտի, ընդունել է այնպիսի որոշումներ, որոնք ելակետային են լինելու մեր իրավական համակարգի հետագայի համար եւ կարծում շատերը վատ են ճանաչում ՍԴ դատավորներին, նրանք ուժեղ, հայրենասեր մարդիկ են, նրանք նվիրյալներ են։

Եթե խաղաղ ժամանակահատվածում դուք հերոսներ եք ման գալիս, ապա այդ հերոսները հիմա այս շենքում նստած աշխատում են։ Նրանց անուններն էլ չեմ վարանի ասելու, դա Ալվինա Գյուլումյանն է, Արեւիկ Պետրոսյանն է, Հրանտ Նազարյանն է, Ֆելիքս Թոխյանն է, Արայիկ Թունյանն է, Արման Դիլանյանն է»:

Հարցին՝ արդյոք Վահե Գրիգորյանը մտնո՞ւմ է այդ թվարկվածների մեջ, Թովմասյանն ասաց՝ ոչ։