Ինչի՞ հետևանք է հրդեհների թվի աճը. ԱԻՆ փորձագետ |shantnews.am|
13:03 - 13 հուլիսի, 2019

Ինչի՞ հետևանք է հրդեհների թվի աճը. ԱԻՆ փորձագետ |shantnews.am|

shantnews.am։ ԱԻՆ փորձագետ Սերգեյ Հայրապետյանը, անդրադառնալով հրդեհների թվի ավելացմանը, խոսել է նաև այն մասին, թե ինչի արդյունք են դրանք` անփութությա՞ն, թե՞ միտումնավոր քայլերի.

«Մեր քաղաքացիները մտածում են, որ հրդեհային անվտանգությունը ապահովելը միայն ԱԻՆ-ի գործն է, հրշեջ- փրկարարներինն է, իրենք պարտավոր են գնալ, գործն անել: Իհարկե, մեր հրշեջ փրկարարները պատրաստ են և ցանկացած պահի կատարում են իրենց պարտականությունները, բայց պետք է հասկանալ, որ ամեն մի ծառ, ամեն մի խոտածածկ տարածք անհնար է պահել մշտական հսկողության ներքո:

Պետք է մեր քաղաքացիները հասկանան այն պարզ ճշմարտությունը, որ հրդեհային անվտանգության ապահովումը բոլորիս գործն է: Դա ամրագրված է նաև «ՀՀ հրդեհային անվտանգության մասին» օրենքում»,- ասել է փորձագետը:

Սերգեյ Հայրապետյանը հիշեցրել է` ոչ միայն Հայաստանի, այլ միջազգային վիճակագրությունն է վկայում, որ հրդեհների առաջացման հիմնական պատճառը մարդն է՝ 90 տոկոսից ավելի դեպքերում:

«Ճնշող մեծամասնությունը մարդկանց անփութության հետևանք է: Դւտավորության շատ քիչ դեպքեր են լինում, մասնավորապես՝ խոտածածկ տարածքների հետ կապված, հիմնականում մարդկային անփութություն, անտարբերություն: Գիտակցությունը բավականին ցածր մակարդակի վրա է հրդեհային անվտանգության ապահովման տեսանկյունից:

Մարդիկ գնում են բնության գիրկ, կրակ են վառում, որը հրդեհավտանգ ժամանակահատվածում չի կարելի անել կամ կարելի անել խարույկի շուրջ մեկ մետր լայնությամբ հանքայնացված շերտ մաքրելով, այսինքն՝ մաքրելով այրվող շերտը, մինչև մաքուր հողին հասնելը: Կրակը հեռանալուց առաջ պարտադիր հանգցնել հողով կամ ջրով: Կայծը կարող է քամին տեղափոխել տասնյակ մետրեր:

Կամ աղբը թափում են, ապակյա շշերը, ոսպնյակի դեր կատարելով, առաջացնում են հրդեհներ: Ամենատարածված պատճառը ծխախոտն է: Մեքենայով անցնելով, կողքը չոր տարածքներ են, դաշտեր են, խոտածածկ տարածքներ են, ծխախոտը չմարած նետում է և հրդեհ է բռնկվում: Կատարողին դժվար է լինում գտնել»,- հավելել է փորձագետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել