fip.am: Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ապրիլի 25-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտարարելով, թե արտաքին ճակատում Հայաստանի իշխանությունների անգործությունը շարունակվում է. «հերթական ձախողումը՝ այս անգամ Բրյուսելում»։

Աշոտյանը, անդրադառնալով Եվրոպական հանձնաժողովի կողմից 10 երկրների տրամադրված շուրջ 3 միլիարդ եվրո աջակցությանը, գրել է. «ԵՄ աջակցությունը տրամադրվելու է «Եվրոպայի թիմ» “Team Europe” ռազմավարության շրջանակում «մակրո-տնտեսական աջակցություն» (MFA) գործիքի միջոցով։ ․․․Ուշագրավ է, որ Հայաստանն ընդգրկված չէ այս ցուցակում՝ չնայած ըստ ԵՄ պաշտոնական կայքէջի՝ հանդիսանում է  այս գործիքի շահառու։ Ավելին, 2008-2009 թթ․ ֆինանսական ճգնաժամից հետո երկրի տնտեսությունը վերականգնելու նպատակով Եվրահանձնաժողովը 2011 թվականին այս գործիքի շրջանակներում Հայաստանին տրամադրել է մակրոֆինանսական աջակցություն»։

Այս գրառումը տարածել են tert.am-ը, news.am-ը, iravunk.com-ը, panorama.am-ը և այլ լրատվականներ։

Արմեն Աշոտյանի պնդումները, սակայն, խնդրահարույց են։ «Փաստերի ստուգման հարթակը» պարզել է Հայաստանի՝ ԵՄ աջակցության ծրագրում ընդգրկված չլինելու իրական պատճառները։

Որ երկրները և  ինչու են ստացել մակրոֆինանսական աջակցություն

Եվրոպական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ աջակցություն ստացել են տասը երկիր՝ Ուկրաինան (1.2 մլրդ եվրո), Ալբանիան (180 մլն եվրո), Մոնտենեգրոն (60 մլն եվրո), Մակեդոնիան (160 մլն եվրո), Մոլդովան (100 մլն եվրո), Բոսինա և Հերցեգովինան (250 մլն եվրո), Վրաստանը  (150 մլն եվրո), Հորդանանը (160 մլն եվրո), Կոսովոն (100 մլն եվրո) և Թունիսը  (600 մլն եվրո)։

Նշված բոլոր երկրներն ունեն ԵՄ-ի հետ ազատ առևտրի պայմանագրեր կամ ԵՄ անդամ դառնալու թեկնածու են։ Նրանք մինչ այս ևս եղել են «մակրոտնտեսական ֆինանսական աջակցություն» (MFA) ծրագրի շահառու և պարբերաբար ստացել ԵՄ կողմից տրվող վարկային այս աջակցությունը։ Հորդանանը, օրինակ, MFA ծրագրով աջակցություն շարունակաբար ստանում է 2011 թվականից։ Կորոնավիրուսի դեմ պայքարի համար տրված աջակցությունից առաջ՝ MFA III ծրագրով, Հորդանանը 2019-ին ստացել է 500 մլն եվրո աջակցություն։

Ինչու՞ Հայաստանը ներառված չէ փաթեթում

Ինչպես նշում է ՀՀԿ փոխնախագահը, Հայաստանը MFA ծրագրով ֆինանսական աջակցություն ստացել է 2011 թվականին։ Աջակցությունն ուղղված էր 2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելուն։ Ուշագրավ է, որ հենց այս ընթացքում Հայաստանն ակտիվորեն բանակցում էր Եվրոպական միության հետ՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ (DCFTA)։ Հայաստանն այս համաձայնագիրը պետք է ստորագրեր 2013-ի նոյեմբերին՝ ՄոլդովայիՎրաստանի և Ուկրաինայի հետ միասին։ Վրաստանը և Մոլդովան ասոցացման համաձայնագրերը վավերացրել են 2014-ին։ Նույն թվականին Ուկրաինայում տեղի ունեցավ իշխանափոխություն, իսկ համաձայնագիրը վավերացվեց 2016-ին։

Հայաստանը, սակայն, ձախողեց ԵՄ-ի հետ Ասոցացման և Ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրումը։ Մոտ 4 տարվա բանակցություններից հետո փաստաթուղթը պատրաստ էր նախաստորագրման, սակայն 2013 թ. սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարեց Ռուսաստանի ստեղծած Մաքսային միությանը անդամակցելու ցանկության մասին։ 2015-ին երկիրը միացավ Եվրասիական տնտեսական միությանը։

Հայաստանին տրված «Մակրոֆինանսական աջակցություն» ծրագրի վերաբերյալ Եվրոպական հանձանաժողվի՝ 2013-ին պատրաստած եզրափակիչ զեկույցում նշվում է, որ ծրագրի գնահատման աշխատանքների վերջին փուլում կտրուկ փոխվեց քաղաքական իրավիճակը։ «2013-ի սեպտեմբերին Հայաստանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանը միանալու է Ռուսաստանի ղեկավարած Մաքսային միությանը, այսպիսով վերջ դնելով Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (DCFTA) համաձայնագրի վավերացման ցանկացած հնարավորության»։

Հավելենք նաև, որ Արմեն Աշոտյանի նշած մյուս՝ Team Europe ծրագրով, որը հասանելի  է ծրագրի շահառու բոլոր երկրներին, կորոնավիրուսի ազդեցության նվազեցման համար Եվրոպական միությունը Հայաստանին է տրամադրելու շուրջ 100 միլիոն եվրո աջակցություն։

Հավելենք նաև, որ Արմեն Աշոտյանի պնդմանն ի պատասխան, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ «ԵՄ մակրոֆինանսական աջակցության գործիքը ՎԱՐԿԱՅԻՆ մեխանիզմ է, որը առաջարկվել է նաև Հայաստանի Հանրապետությանը և կդիտարկվի՝ ըստ անհրաժեշտության»։

Անի Ավետիսյան