Ինչո՞ւ ենք էդ խոզերին ամեն տարի նույն ուղղությամբ ուղարկում, հաստատ իմանալով, որ վարակված հետ են գալու․ Նիկոլ Փաշինյան
07:16 - 28 մարտի, 2019

Ինչո՞ւ ենք էդ խոզերին ամեն տարի նույն ուղղությամբ ուղարկում, հաստատ իմանալով, որ վարակված հետ են գալու․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում Կառավարությանը հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության անդամ Սարգիս Ալեքսանյանն  ասաց վարչապետին, որ Տավուշի մարզում հիվանդությունների պատճառով մեծ թվով խոզեր են սատկել, ինչպես նաև գնանկման պատճառով գյուղացին հայտնվել է անելանելի վիճակում։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք կա՞ վնասի գնահատում, թե՞ ոչ։

Վարչապետն արձագանքեց, որ դրա համար կա ընթացակարգ, այդ ընթացակարգերով կանցնեն, եթե նախատեսված է փոխհատուցում, ապա կլինի փոխհատուցում, իսկ եթե նախատեսված չէ, ապա կքննարկեն, թե ինչ անել։

«Քանի տարի ենք այդ պատմությունը լսում․ ամեն տարի նույն օրերին այդ հարցը ծագում է մեզ մոտ և արդյո՞ք ինքներս մեզ հարց չենք տալիս, գուցե ինչ-որ բան սխա՞լ ենք անում։ Ես տենց գարուն և աշուն չեմ հիշում, որ այս խնդիրը չառաջանա։ Հայաստանում արտադրվող մսի տեսակներից ոչխարի միսը ամենամրցունակ ապրանքն է։

Էսօր Հայաստոնում, ակնհայտ է, որ խոզի միսը ու տավարի միսը պակաս մրցունակ են։ Հիմա հարց՝ ինչո՞ւ է այդպես։ Ասենք, ենթադրենք մենք խոզերին բաց ենք թողնում անտառում մի ուղղությամբ, էդ խոզերը վարակված հետ են գալիս և սատկում են։ Մենք հաջորդ տարի խոզերին էլի նույն ուղղությամբ ենք ուղարկում։ Ես հարց եմ տալիս՝ ինչո՞ւ ենք էդ խոզերին ամեն տարի նույն ուղղությամբ ուղարկում, հաստատ իմանալով, որ վարակված հետ են գալու։

Գուցե դրա մեղավորը իրոք կառավարությունն է, որ խորհուրդներ չի տալիս և սերտ չի աշխատում։ Պետք է բոլոր հարցերը վերանայենք»,-ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ Կառավարությունը ևս անելիք ունի, որ գյուղացիներին խորհուրդ տա, թե որ տարածքում որ կուլտուրան է առավել արդյունավետ, նույնը վերաբերում է անասնապահությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել