Ինչո՞ւ մարդիկ չեն կարողացել «Եվրո 2019»-ի բացման խաղի տոմսեր գնել. ՀՖՖ պարզաբանումը |armtimes.com|
15:28 - 15 հուլիսի, 2019

Ինչո՞ւ մարդիկ չեն կարողացել «Եվրո 2019»-ի բացման խաղի տոմսեր գնել. ՀՖՖ պարզաբանումը |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամեն ինչ արել է, որպեսզի «Եվրո 2019»-ի բացման՝ Հայաստան-Իսպանիա, խաղում «Հանրապետական» մարզադաշտը լինի մարդաշատ: Հենց այդ պատճառով էլ ընդունել է կոլեկտիվ հայտեր, նաև անվճար տոմսեր է բաժանել տարբեր կազմակերպությունների: Այս մասին հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՖՖ մամուլի քարտուղարությունից:

Երեկ՝ հուլիսի 14-ին, բացման խաղից առաջ ինչպես սոցցանցերում, այնպես էլ դրանից դուրս մարդիկ բարձրաձայնում էին, որ չեն կարողացել ձեռք բերել «Հանրապետականի» արեւմտյան ու արեւելյան տրիբունաների տոմսեր: Ըստ նրանց՝ պատճառն այն է, որ ՀՖՖ-ն մեծ քանակությամբ անվճար տոմսեր է բաժանել:

ՀՖՖ-ից նշեցին, որ իրենք տոմսեր են տվել հայտ ներկայացրած կազմակերպություններին: Գումարած դրան անվճար տոմսեր են տրամադրել կարիքավոր խմբերին, ուսխորհուրդներին, երիտասարդներին, հաշմանդամների միույթյուններին: Բացի այդ՝ անվճար տոմսեր են նվիրել տարբեր ակցիաների, մրցույթների շրջանակներում:

Նշեցին, որ ամեն դեպքում, տրամադրվել է այնքան տոմս, որ այն մարդիկ, ովքեր կորոշեն տոմս գնել, կարողանան անել դա: Դիտարկմանը, որ մի շարք դեպքերում մարդկանց տոմսարկղերում ասել են, որ տոմսեր չկան, սակայն մարզադաշտի արեւելյան ու արեւմտյան տրիբունաներում բացման խաղի ժամանակ ազատ տեղեր կային, ֆեդերացիայից չբացառեցին, որ կարող է վերը նշված խմբերի մարդիկ չեն գնացել խաղին: Չբացառեցին նաեւ, որ գուցե տոմս գնածներն էլ չեն գնացել:

Ինչպես երեկ հայտնեց մարզադաշտի հաղորդավարը, խաղին ներկա է եղել 10200 հանդիսական: Ֆեդերացիայից նշեցին, որ իրենց համար շատ կարեւոր է եղել հաճախելիություն ապահովել հատկապես բացման խաղի ժամանակ, քանի որ դա մեծ աջակցություն կլիներ ՀՀ հավաքականին: Բացի այդ՝ ՈՒԵՖԱ-ին ներկայանալու խնդիր կար: Նշեցին, որ «Հանրապետականի» մյուս հանդիպումների համար արեւելյան ու արեւմտյան տրիբունաների տոմսեր հիմա հնարավոր է գնել: Նաեւ տեղեկացրին, որ մյուս խաղերի համար եւս կոլեկտիվ հայտերով կամ այլ ձեւաչաձերով բաժանված տոսմեր կան, սակայն ոչ այն քանակի, որքան բացման խաղի դեպքում: Մեկնաբանեցին, որ 3 մարզադաշտերից «Բանանցում», օրինակ, հաճախելիություն ապահովելու խնդիր չկա, քանի որ մոտակայքում ապրող մարդիկ սիրում են մարզադաշտ հաճախել, իսկ Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում էլ տեղերն են շատ քիչ, ու, եթե չվաճառեն, այլ տրամադրեն, դա գուցե ռիսկ լինի. գուցե մարդիկ չգան, ու մարզադաշտը դատարկ մնա:

Ավելի վաղ ՀՖՖ-ն ֆեյսբուքյան պաշտոնական էջում նույնպես անդրադարձել էր այս հարցին: Նշել էր, որ ՀՀ հավաքականների խաղերի տոմսերի տնօրինման բացառիկ իրավունքը պատկանում է ՀՖՖ-ին, ինչը թույլ է տալիս կազմակերպել դրանց վաճառքը, անվճար տրամադրումը եւ այլն: Նաեւ շեշտել էր, որ բացման խաղի տոմսերի վաճառքի վերաբերյալ տարբեր հարթակներով պարբերաբար հիշեցումներ են եղել:

Մինչեւ 19 տարեկանների Եվրո 2019 մեկնարկել է երեկ՝ հուլիսի 14-ին: Ավարտվում է 27-ին: Խաղերն անց են կացվում «Հանրապետականում», «Բանանցում» եւ Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում: Տոմսերն արժեն 200-500 դրամ: «Հանրապետականի» տոմսարկղերում կարելի է ձեռք բերել բոլոր 3 մարզադաշտերում նշանակված խաղերի տոմսերը, իսկ «Բանանցի» տարածքում եւ ակադեմիայում վաճառվում են միայն տվյալ մրցավայրի հանդիպումների տոմսերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել