Ինչու են որոշ աշակերտներ մասնակցել քարոզարշավին դասաժամին. տնօրենները պարզաբանում են  |fip.am|
18:03 - 11 մարտի, 2020

Ինչու են որոշ աշակերտներ մասնակցել քարոզարշավին դասաժամին. տնօրենները պարզաբանում են |fip.am|

fip.am: Իրավաբան, «Ոչ» շտաբի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը մարտի 10-ին ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնել էր, որ Ագարակում «Այո»-ի քարոզարշավը խախտումներով է ընթանում։ Ըստ Բաբայանի՝ քարոզչությանը մասնակցել էին դպրոցականներ և ուսուցիչներ։ 

Նա, մասնավորապես, գրել էր. «Ագարակի քարոզչությունից մի հատված աչքի տակով անցկացրեցի։ Քարոզչության մասնակցում են դպրոցականներ, անչափահասներ, ուսուցիչներ, պետական սեկտորի աշխատողներ։ Թեև դասերն արդեն սկսվել են ու հիմա էլ դասի ժամ է դպրոցներում, բայց դա չի խանգարում ԿԳՄՍ նախարարին տեղում ականատեսը լինել վերոգրյալ իրողությանը։ Հիմա նստած մտածում եմ. կարո՞ղ է այս քարոզչությունը ՀՀԿ-ն է անցկացնում»։

Արսեն Բաբայանի գրառումը հրապարակել էին բազմաթիվ լրատվականներ ՝ tert.amnews.am168.am, aravot.amaysor.amyerkirmedia.amhraparak.am և այլն։

Մարտի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան ժամը 9:00-ից քարոզարշավ էր իրականացնում նախ Սյունիքի մարզի Ագարակ, ապա Մեղրի քաղաքներում։ Օրվա երկրորդ կեսին արդեն նա հանդիպումներ ունեցավ նաև Քաջարանում, Կապանում։

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված՝ Ագարակում քարոզարշավի տեսանյութի կադրերում իսկապես նկատելի են անչափահասներ, և «Փաստերի ստուգման հարթակը»  Ագարակի և Մեղրիի բոլոր 4 դպրոցների տնօրեններից փորձեց պարզել, թե ինչո՞ւ էին դասաժամին դպրոցահասակ երեխաները մասնակցում քարոզարշավին, և արդյո՞ք քարոզարշավին մասնակցելու հրահանգ էին  ստացել։ 

Դպրոցի տնօրենները պարզաբանում են, թե ինչու են աշակերտները դասաժամին մասնակցել քարոզարշավին

Ագարակի միջնակարգ դպրոցի տնօրեն Անժելա Աղայանը Fip.am-ի հետ զրույցում պնդեց, որ ուսուցիչներից որևէ մեկը չի մասնակցել քարոզարշավին և նման հանձնարարական չեն ստացել, իսկ աշակերտներից մասնակցել են նրանք, որոնք այդ օրը դպրոց չեն հաճախել։ Մարտի 10-ին, ըստ տնօրենի, դպրոցի բացակա աշակերտների թիվը 48-50 է եղել։

«Մենք որևէ հանձնարարական չենք ստացել, ներկա-բացակա արվել է, եղել են աշակերտներ, որոնք դասի չեն ներկայացել։ Ծնողին զանգահարել ենք, ասել են՝ կամ երեխան հիվանդ է, կամ հիվանդանոց պետք է գնան և տունն է եղել։ Այն աշակերտները, որոնք եկել են դպրոց, դպրոցի ներսում են եղել, որոնք չեն եկել՝ դասամատյանում իրենց բացակաները ստացել են։ Ծնողներին էլ զանգահարել ենք, և նրանք տեղյակ են եղել, որ երեխան չի հաճախել։ Ոչինչ չի խաթարել դասապրոցեսը, դասերը բնականոն անցել են»,- ասաց Աղայանը։

Ինչ վերաբերում է ուսուցիչներին, տնօրենն ասաց, որ նրանք բոլորն էլ աշխատանքի են եղել։ «Բայց ուշ դպրոց եկող ուսուցիչ ունենք, որոնք դասղեկ չեն, և երկրորդ, երրորդ ժամից են նոր դասի գալիս, միգուցե մինչև դպրոց մտնելը եղել են հանդիպմանը, դա իմ խնդիրը չէ։ Իրենք ճիշտ ժամին ներկայացել են աշխատանքի, մեր բոլոր ուսուցիչները տեղում են եղել, ոչ մեկը ցանկություն չի հայտնել գնալու, որովհետև իրենք գիտեն, որ աշխատանքի են»,- ասաց նա։

Անժելա Աղայանը տեսանյութերից նկատել է, որ իր դպրոցի աշակերտներից վարչապետի հետ հանդիպմանը ներկաներ եղել են. «Այո, ովքեր որ եղել են, ես ճշտել եմ՝ այդ երեխաները բոլորն էլ բացակա են ստացել»։ Նշենք, որ Ագարակի միջնակարգ դպրոցն ունի 667 աշակերտ։

Ագարակի հիմնական դպրոցի տնօրեն Ռոզա Ավանեսյանն էլ նշեց, որ իրենց դպրոցում սովորում է ընդամենը 2 աշակերտ և դասավանդում 3 ուսուցիչ։

«Իմ աշակերտներն ուզենան էլ, չեն կարող գնալ։ 2 աշակերտ ունեմ և 3 ուսուցիչ, բոլորն էլ ներկա են եղել դասին։ Քաղաքից շատ հեռու է դպրոցը, 30 տարվա ընթացքում գյուղն էլ է դատարկվել, դպրոցն էլ, պետությունը պահում է, որովհետև տարածքում միակ դպրոցն է։ Եվ ընդհանրապես հետհեղափոխական ժամանակաշրջանում քաղաքական առումով մեզանից ոչ մի բան չեն պահանջել, չգիտեմ ինչ երեխաներ են եղել հավաքին, ես ինքս չեմ եղել այնտեղ»,- ասաց նա։

Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Ոսկեհատ Գևորգյանը Fip.am-ի հետ զրույցում ևս նշեց, որ մարտի 10-ին դպրոցում դասերը բնականոն հունով ընթացել են, և իրենք վարչապետի հետ հանդիպմանը մասնակցելու որևէ հանձնարարական չեն ստացել։

«Մեր բոլոր ուսուցիչները դասի են եղել, աշակերտներից բացականեր ունեցել ենք, ինչպես ամեն օր, բայց երեխաներից որևէ մեկը չի մասնակցել քարոզարշավին։ Ուսուցիչները բոլորը դասի են եղել, կարող եմ բոլորի համարն էլ տրամադրել, անհատական զանգեք և հարցրեք, մենք բացակա ժամեր չենք ունեցել»,- ասաց նա։

439 աշակերտ ունեցող դպրոցի տնօրենը նշեց, որ ի տարբերություն ուսուցիչների, 51 աշակերտ երեկ բացակա է եղել։ «Գուցե գնացել են հավաքի, բայց դասի ընդհանրապես չեն եկել»,- ասաց նա։

Մեղրիի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Մերի Հակոբյանը նույնպես հայտնեց, որ ուսուցիչները բոլորը դասի են եղել։ «Ինչ վերաբերում է աշակերտներին, վաղ առավոտից 13 բացակա ենք ունեցել, բոլորն էլ ստացել են իրենց բացակաները, այնպես որ նրանք ընդհանրապես դպրոց չեն եկել, թե հիմա որտե՞ղ են եղել, ի՞նչ են արել, ինչո՞վ են զբաղված եղել, դրա համար ես որևէ բան ասել չեմ կարող»,- ասաց նա։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ո՛չ Ագարակի և ո՛չ էլ Մեղրիի դպրոցի ուսուցիչները չեն մասնակցել։ Ինչ վերաբերում է որոշ աշակերտների, ապա դպրոցի տնօրենները պնդում են, որ իրենք տեղյակ չեն եղել և երեխաները մասնակցել են սեփական նախաձեռնությամբ։

Նելլի Լազարյան  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել