Ինչու էիք Ջերմուկին այդքան գումար փոխանցում, եթե Ջերմուկը ազդակիր համայնք չէ․ Նազելի Վարդանյանը «Լիդիան Արմենիա»-ի ներկայացրած դատական հայցի մասին  |news.am|
06:49 - 25 նոյեմբերի, 2019

Ինչու էիք Ջերմուկին այդքան գումար փոխանցում, եթե Ջերմուկը ազդակիր համայնք չէ․ Նազելի Վարդանյանը «Լիդիան Արմենիա»-ի ներկայացրած դատական հայցի մասին |news.am|

news.am: Իմ դեմ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած դատական հայցի մասին տեղեկացել եմ համացանցից։ Այս մասին ասաց փաստաբան Նազելի Վարդանյանը։

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Նազելի Վարդանյանի եւ պահանջում է 1 մլն դրամ վնասի փոխհատուցում: Նազելի Վարդանյանի դեմ հայց են ներկայացրել հետեւյալ հայտարարության համար. «Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ... ինչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձեւ ա, ուրիշ տարբերակ չկա...»։

Ընկերությունը ցանկանում է, որ հրապարակային հերքվի այս տեղեկատվությունը:

Նազելի Վարդանյանը, սակայն, պատրաստվում է «դեկտեմբերի 2-ին նշանակված դատական նիստին ներկայանալ եւ դիմել, որպեսզի նախաքննությունը նորից սկսվի»։

«Արդեն դատաքննության են անցել առանց ինձ։ Երեւի ուզում էին գաղտնի, առանց ինձ գործն ավարտեին։ Չի բացառվում, որ տեխնիկական խնդիր է եղել, գուցե հասցեն է սխալ եղել, չեմ կարող ասել, ամեն ինչ կարող է լինել»,- նշեց նա։

«Լիդիանի» գործարար եւ բարի hամբավին վնաս հասցնելու մասին հարցին փաստաբանն արձագանքեց․ «Նախ պետք է համբավ ունենան, որ վնաս հասցվի, դեռ պետք է ապացուցեն, որ գործարար եւ բարի համբավ են ունեցել»։

Նազելի Վարդանյանը նկատեց՝ ինքը փաստերի ուսումնասիրման հիման վրա ընդամենը հարց է բարձրացրել․ «Հանքերի ստուգման համար ստեղծված աշխատանքային խմբում 33 էջ եզրակացություն եմ գրել Ամուլսարի մասին և ներկայացրել վարչապետին, որից 4 էջը գրել եմ կոռուպցիոն հանգամանքների մասին, որոնք իրավապահները պետք է ուսումնասիրեն։

Այս եզրակացության հիման վրա պրեզենտացիա ենք արել, աշխատանքային խմբի ամեն անդամ ներկայացրել է իր եզրակացությունը։ Ես օդից չեմ վերցրել, փաստաթղթերը կան։

Ես ներկայացրել եմ, որ 80 միլիոն է փոխանցվել «Ջերմուկ» հիմնադրամին, գուցե պետք է ասեի 75 միլիոն, որովհետեւ փաստաթղթով 75 միլիոն է, բայց կարեւորը գումարը չէ, կարեւորը սկզբունքն է, եթե Ջերմուկը ազդակիր համայնք չէ, ինչու էիք Ջերմուկին այդքան գումար փոխանցում։

Ընդ որում՝ Ջերմուկի հիմնադրամի տնօրենը քաղաքապետի որդին է, իսկ գումարները ներկայացված հաշվետվությունից եմ վերցրել, ծախսել են իրենց բիզեսների եւ ճանապարհորդությունների վրա։ Հարց եմ տալիս՝ արդյոք դա կաշառքի նոր ձեւ չէ՞, չե՞մ կարող ես հարց տալ։ Եվ միայն «Ջերմուկ» հիմնադրամը չէ, նաեւ Եղեգնաձորում ինչ-ինչ բիզնեսներին են փող փոխանցել, «Լույս» հիմնադրամին են փոխանցել, բայց միայն Ջերմուկի վրա են կենտրոնացել։ Ես չեմ վիրավորել, փաստերն եմ ներկայացրել»։

Փաստաբանը կարծիք հայտնեց, որ «Լիդիանը» այլ ելք չունենալով գուցե որոշել է առանձին անհատների դատի տալով ընկերության «հոգեվարքը» երկարաձգել։

«Հարցազրույցներից մեկում «Լիդիանի» տնօրենն ասում էր՝ եթե ճանապարհները շարունակեն փակ մնալ, ստիպված կլիենենք վաճառել այն կամ կդիմենք արբիտրաժ։ Սակայն արբիտրաժ դիմելու ճանապարհը փակ է, եթե հիմա նորից նրանց թույլ չտան աշխատել։ Այս պահին դիմելու հնարավորություն չունեն։ Մյուս ուղին, որ նշում էր տնօրենը, վաճառելն է, բայց հարց է՝ ով է առնելու։ Հիմա մի ճանապարհ է մնացել, մեր նման մարդկանց դատի տալ, մեր գումարների հաշվին հոգեվարքը երկարաձգել»։

Փաստաբանը նշեց, որ դատավորը Սերգո Երիցյանի որդին՝ Սարգիս Երիցյանն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել