Ինչ սպասել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից |lragir.am|
07:51 - 21 նոյեմբերի, 2019

Ինչ սպասել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից |lragir.am|

lragir.am։ Հարցազրույց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ։

Պարոն Հոկտանյան, Ազգային ժողովն ընտրեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին, հանձնաժողովը ձևավորվեց: Հաշվի առնելով այն, որ հանձնաժողովի երեք անդամներին խորհրդարանում ներկայացված երեք քաղաքական ուժերն են առաջադրել, մեկ թեկնածու էլ՝ կառավարությունը, ի՞նչ հույսեր կարող են լինել, որ հանձնաժողովը ապաքաղաքական մարմին կլինի:

Քաղաքականապես անկախ գործելը կախված է նաև իշխանություններից: Հիշենք, մինչ այդ կար Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Ի՞նչ եք կարծում, անկա՞խ էին գործում: Այսինքն՝ սահմանադրորեն, դե յուրե անկախ էին, բայց դե ֆակտո՝ ոչ: Դա ինչի՞ց էր գալիս, որ գործող իշխանությունները պետք է իսկապես հարգեն այդ սկզբունքները, և այդ դեպքում հանձնաժողովներն անկախ կգործեն:

Սա է գլխավոր խնդիրը: Այսինքն՝ ինչքան էլ ուզում եք Սահմանադրության, օրենքների մեջ երաշխիքներ դրեք, ինչպես դա արվել է նախկինում, ինչպես ասում էին՝ թղթերով ամեն ինչ կարգին էր, բայց իրական կյանքում միշտ լինում էին խնդիրներ: Հիմա այս հանձնաժողովը կսկսի գործել, մենք կտեսնենք:

Ցանկացած իշխանություն, անկախ նրանից՝ հեղափոխության միջոցով է իշխանության եկել, թե այլ ճանապարհով, ունի գայթակղություն՝ վերցնելու ամեն ինչ: Եվ այդ պայմաններում, մանավանդ, որ ընդդիմությունն ու քաղահասարակությունն այդքան ուժեղ չեն, որ կարողանան լուրջ ազդել իշխանության որոշումների վրա, իրավիճակը խոցելի է դառնում:

Այստեղ արդեն իրավիճակի նրբությունն ու բարդությունը հենց դրանում է, որ մեզ մոտ բավական թույլ զսպիչներ կան՝ ի դեմս քաղաքական ընդդիմության ու քաղհասարակության: Եվ ամեն ինչ կախված է հենց իշխանությունների բարի կամքից: Իրենք պետք է հիշեն, որ ոչ իրենք առաջինն են, ոչ էլ կլինեն վերջինը: Այսինքն՝ վաղը կարող է այլ քաղաքական ուժ գալ, և նորից խնդիրներ կարող են առաջանալ:

Այսինքն՝ այս կուլտուրան մի օր պետք է ձևավորվի մեր վերնախավի մոտ, որ պետք է թույլ տալ, որ այդ մարմիններն անկախ գործեն, ինչքան էլ դա հաճելի չլինի: Իսկ մենք գիտենք, որ ոչ մի գործող գործադիր իշխանության համար հաճելի չէ, երբ փորձում են իրենց վերահսկել: Այնպես որ, հուսանք, որ նախորդ տարի տեղի ունեցած փոփոխություններն ինչ-որ արդյունք կունենան:

Եթե անդրադառնանք հանձնաժողովի բուն գործառույթներին, այն գալիս է փոխարինելու Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, բայց ավելի լայն լիազորություններով: Հանձնաժողովն իրավասու է լինելու անդրադառնալ 2012 թվականից սկսած բոլոր դեպքերին, երբ պաշտոնյաները կապ են ունեցել հնարավոր կոռուպցիոն դեպքերի հետ: Ի՞նչ սպասել այդ հանձնաժողովի աշխատանքից:

Դուք արդեն ասացիք՝ ավելի լայն լիազորություններ, այն, ինչ պետք է անի այդպիսի հանձնաժողովը: Իհարկե, խնդիրն այստեղ ավելի բարդ է այն տեսակյունից, որ այս հանձնաժողովը կանխարգելիչ գործառույթ ունի:

Ինչպես Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեպքում էր, որը թեպետ ավելի քիչ լիազորություններով, բայց կանխարգելիչ գործառույթ ուներ, այնպես էլ այս մարմինը, ավելի լայն լիազորություններով, բայց էլի կանխարգելիչ մարմին է՝ իր բոլոր կանխարգելիչ սահմանափակումներով:

Այսինքն՝ իրենք պետք է արդյունավետ կերպով կանխարգելեն, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է հույս ունենանք, որ եթե նրանք արդյունավետ գործեն, այդ կանխարգելման շնորհիվ հնարավորություն կլինի ունենալ շատ ավելի քիչ բացահայտումներ, շատ ավելի քիչ աղմկոտ գործեր:

Հուսով եմ, որ մեր քաղաքացիների մեծ մասը հասկանում են, որ նրանք բռնողները չեն, ուժային կառույցներն են բռնողները:

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել