Ինչ սպասել Հարավային Կովկասում Ռուսաստան-Թուրքիա համագործակցությունից |civilnet.am|
12:18 - 26 հուլիսի, 2019

Ինչ սպասել Հարավային Կովկասում Ռուսաստան-Թուրքիա համագործակցությունից |civilnet.am|

civilnet.am:  Միջազգայնագետ, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենյամին Պողոսյանը ուկրաինական Cacds.org.ua կայքում հրապարակած հոդվածում անդրադառնում է Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների ներկա փուլին, Հարավային Կովկասում այդ հարաբերությունների հնարավոր ազդեցությանը։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։

Վերջին տարիներին Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները հսկայական փոփոխությունների են ենթարկվել։ 2015-ի նոյեմբերին երկու պետությունները խորը ճգնաժամի փուլ մտան՝ առանց հարաբերությունների բարելավման որևէ հույսի։ Սակայն 2016-ի ամռանը սկսվեց հաշտեցման գործընթացը, ինչը հանգեցրեց տնտեսության և ռազմատեխնիկական ոլորտներում լայնածավալ համագործակցության։

Որո՞նք են այդպիսի փոփոխության հիմնական գործոնները և ի՞նչ ազդեցություն ունի Ռուսաստան-Թուրքիա ներկայիս համագործակցությունը Հարավային Կովկասի համար։
Թուրքիան Ռուսաստանին մերձեցնող երկու կարևոր գործոն կա։ Թուրքիայի համար բացարձակ անհրաժեշտություն է Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական ինքնավար շրջան ստեղծելուն խոչընդոտելը՝ չթողնելով, որ այն նմանվի Իրաքյան Քրդստանի շրջանային կառավարությանը։ Երկրորդը Թուրքիայի կառավարության աճող անվստահությունն է ԱՄՆ-ի նկատմամբ՝ կապված 2016-ի հուլիսին զինված հեղաշրջման փորձում Ամերիկայի հնարավոր ներգրավվածության հետ։

2015-ի սեպտեմբերի ռազմական միջամտությունից ս կսածՌուսաստանն աստիճանաբար մեծացրել է իր դերը Սիրիայում։ Սիրիական գլուխկոտրուկին մասնակցող արտաքին բոլոր դերակատարներն ընդունում են այն փաստը, որ Սիրիայում առանց Ռուսաստանի համաձայնության ոչինչ լուծվել չի կարող: Կրեմլը միակ ուժն է, որ բարեկամական հարաբերություններ ունի միաժամանակ Իրանի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, Նախագահ Ասադի և Թուրքիայի հետ:

Այսպիսով, Սիրիայում Ռուսաստանի հետ համագործակցությունը կարևոր է Թուրքիայի համար, որպեսզի հասնի իր գլխավոր նպատակին՝ ջախջախել Քրդական բանվորական կուսակցության հետ (PKK) կապեր ունեցող Ժողովրդավարական միություն կուսակցությանը (PYD) և դրա ռազմական թև Ժողովդրի պաշտպանության ջոկատներին (YPG): Սկսած 2016-ի վերջից՝ քրդական խնդիրը Սիրիայում Թուրքիայի թիվ մեկ հոգսն է ՝ որպես Անկարայի բացարձակ առաջնահերթություն փոխարինելով նախագահ Ասադին հեռացնելու հինգ տարի տևած պայքարին:

2016-ի հուլիսի զինված հեղաշրջման փորձը և ԱՄՆ-ի մերժումը՝ Թուրքիային հանձնելու Ֆեթուլլահ Գյուլենին, որին Թուրքիայի կառավարությունը և անձամբ նախագահ Էրդողանը համարում են խռովության գլխավոր հեղինակ, էլ ավելի խորացրին ԱՄՆ-ի հանդեպ անվստահությունը: Չնայած նախագահ Թրամփի՝ Էրդողանի նկատմամբ ունեցած թվացյալ անձնական համակրանքին՝ հարաբերությունները շարունակում են վատանալ: ԱՄՆ-ի աջակցությունը Սիրիայի քրդերին Իսլամական պետության դեմ պայքարում իրավիճակը միայն ավելի է սրել:

Ռուսաստանից Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգ գնելու Թուրքիայի որոշումը և հուլիսի կեսին դրանց տեղակայման մեկնարկը հավելյալ լարվածություն են հաղորդել երկկողմ հարաբերություններին: Չնայած Էրդողան-Թրամփ անձնական բանակցությունների միջոցով պատժամիջոցներից խուսափելու Թուրքիայի ջանքերին` Սպիտակ տունը պաշտոնապես հայտարարել է, որ Թուրքիան կհեռացվի F-35 ռազմական օդանավի արտադրության ծրագրից:

Ռուսաստանը արժևորում է Թուրքիայի հետ համագործակցությունը և՛ տնտեսական, և՛ քաղաքական ոլորտներում: Թուրքիան ռուսական բնական գազի ամենախոշոր ներմուծողներից է, և «Թուրքական հոսք» գազատարի՝ ներկայում կառուցվող երկու խողովակաշարերի միջոցով Թուրքիայի տարածքը կօգտագործվի դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման համար ։ Երկկողմ տնտեսական մյուս կարևոր ծրագիրը 20 միլիարդ դոլար արժողությամբ և 4800 ՄՎՏ հզորությամբ Ակկույու ատոմակայանն է, որն ունենալու է չորս էներգաբլոկ: Ատոմակայանի շինարարությունը մեկնարկել է 2018-ի ապրիլին, և առաջին բլոկը կգործարկվի 2023-ին:

Ռուսաստանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հիմնված է նրա ներկայիս քաղաքականության վրա՝ հրահրել և խորացնել անհամաձայնությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև և թուլացնել Անդրատլանտյան դաշինքը՝ այդպիսով Եվրոպային դարձնելովանվտանգության առումով ավելի խոցելի : Բացի այս ռազմավարական նպատակից, Ռուսաստանին պետք են Թուրքիայի հետ ավելի լավ հարաբերություններ Սև ծովում՝ ռազմական հավասարակշռությունը իր օգտին փոխելու համար:

Չնայած Բուլղարիայի և Ռումինիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ նրանց նավատորմերը չափազանց թույլ են զսպելու և հավասարակշռելու Ռուսաստանին: Տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գլխավոր ակտիվը Թուրքիան է, և ԱՄՆ-Թուրքիա կամ/և ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունների ցանկացած վատացում բխում է Ռուսաստանի շահերից:
Ռուսաստանն ու Թուրքիան հեռու են ռազմավարական դաշնակիցներ լինելուց
Միևնույն ժամանակ հատկանշական է, որ չնայած վերջին տարիներին աճող համագործակցությանը՝ Ռուսաստանն ու Թուրքիան հեռու են ռազմավարական դաշնակիցներ լինելուց։

Նրանք ռազմավարական առումով տարբեր նպատակներ ունեն Սիրիայում, և չնայած Ս-400-ի գնման շուրջ բոլոր հակասություններին՝ Թուրքիան ամուր կառչած է մնում ՆԱՏՕ-ին։ Նույնիսկ Թուրքիային ռուսական Սու-35 ռազմական ինքնաթիռներ վաճառելու Ռուսաստանի առաջարկը շատ բան չկարողացավ անել Թուրքիային Դաշինքից հեռացնելու համար։

ՆԱՏՕ-ում ոչ ոք չի մտածում Թուրքիային հեռացնելու մասին, և նույնիսկ ԱՄՆ-ն է պատրաստ F-35 ինքնաթիռների ծրագրից դուրս շարունակել ռազմական համագործակցությունը Անկարայի հետ։ Չնայած վերջերս կատարված հարցման արդյունքներով՝ Թուրքիայի բնակչության 81 տոկոսը ի դեմ ԱՄՆ-ի վտանգ է տեսնում, երկու երկրների միջև ռազմավարական ճեղքվածքըը քիչ հավանական է։ ԱՄՆ-ի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը և ՆԱՏՕ-ին անդամակցությունը Թուրքիային անհրաժեշտ ապահովության ամուր երաշխիքներ է տալիս Մերձավոր Արևելքի անկայուն տարածաշրջանում։

Ուշագրավ է, որ չնայած Ռուսաստանի հետ բոլոր բարեկամական բանակցություններին՝ Թուրքիան չի ճանաչում Ղրիմը որպես Ռուսաստանի մաս, ինչպես որ չի ճանաչում Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը։ Նա նաև արդյունավետ ռազմական համագործակցություն ունի Ուկրաինայի հետ։

Թուրքիայի ներքաղաքական վերջին զարգացումները, որոնք լրջորեն թուլացրել են Էրդողանի դիրքերը, լավ բան չեն հուշում Ռուսաստան-Թուրքիա երկարաժամկետ բարեկամական հարաբերությունների մասին, որոնք մեծամասամբ կախված են Պուտին-Էրդողան անձնական հարաբերություններից։ Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում Էրդողանի Արդարություն և զարգացում (ԱԶԿ) կուսակցությունն աղետալի պարտություն կրեց։ Կուսակցության կարևոր անդամներ նախկին նախագահ Գյուլն ու նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը, լքելով ԱԶԿ-ն, 2019-ի աշնանը ծրագրում են նոր կուսակցություն հիմնել, ինչը կթուլացնի Էրդողանի դիրքերը։

Ժողովրդահանրապետական կուսակցության, «Լավ» կուսակցության, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության և Գյուլ-Բաբաջան նոր կուսակցության նույնիսկ ժամանակավոր համագործակցությունը կարող են անհրաժեշտ պայմաններ ստեղծել նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների համար՝ 2021-ի վերջին կամ 2022-ի սկզբին։ Այս սցենարի իրականանացման պարագայում իշխանության կարող են գալ ավելի չափավոր և արևմտամետ ուժեր, ինչը մեծ հավանականությամբ հարված կլինի Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին։

Ռուսաստան-Թուրքիա համագործակցությունը և Հարավային Կովկասը

Ռուսաստան-Թուրքիա ներկայիս համագործակցությունը նաև տարածաշրջանային նշանակություն ունի։ Հարավային Կովկասը՝ որպես երկու պետությունների մրցակցության թատերաբեմ, բացառություն չէ։ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը հիմնված է Ադրբեջանի հետ ռազմավարական դաշինքի, Վրաստանի հետ տնտեսական աճող հարաբերությունների և Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ համագործակցության զարգացման վրա։ Ի սկզբանե այն միայն տնտեսական համագործակցություն էր՝ Ադրբեջանի նավթը և գազը Վրաստանի և Թուրքիայի տարածքով Եվրոպա արտահանելու համար։

Այժմ եռակողմ համագործակցությունը ունի նաև քաղաքական և անվտանգության բաղադրիչներ, անցկացվում ենարտաքին գործերի և պաշտպանության նախարարների կանոնավոր հանդիպումներ։ Թուրքիան ամբողջովին աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը Ղարաբաղյան հարցում և Բաքվի հետ Հայաստանին ճնշելու քաղաքականություն է վարում, այդ թվում՝ տնտեսական շրջափակման միջոցով։

Տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականության մյուս բաղադրիչը Ադրբեջանի հետ հարաճուն ռազմական համագործակցությունն է, ինչը ներառում է սպառազինության վաճառք, ադրբեջանցի զինվորների ու սպաների կրթություն ու դասընթացներ Թուրքիայի ռազմական համալսարաններում, նաև՝ պարբերական զորավարժություններ, այդ թվում՝ Նախիջևանում, Երևանից ոչ շատ հեռու։

Ներկայում Թուրքիան գոհ է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական ստատուս քվոյից, քանի որ ոնի Ադրբեջանի հետ ռազմավարական և Վրաստանի հետ սերտ համագործակցություն, մինչդեռ Ռուսաստանը Վրաստանում շատ սահմանափակ ներկայություն ունի ու, չնայած Ադրբեջանի հետ աճող ռազմական համագործակցությանը, Բաքուն մտադիր չէ միանալ ո՛չ ՀԱՊԿ-ին, ո՛չ էլ ԵՏՄ-ին։

Այս համատեքստում Ռուսաստան-Թուրքիա խորացող հարաբերությունները ողջունվում են Ադրբեջանում, որովհետև դրանք նպաստում են, որ Բաքուն և՛ զարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ, և՛ շարունակի գործընկերությունը Թուրքիայի հետ։

Վրաստանը ևս անհանգստանալու լուրջ պատճառներ չունի, քանի որ Ռուսաստան-Թուրքիա սերտ հարաբերությունները չեն փոխել Թուրքիայի վերաբերմունքը Աբխազիայի կամ Հարավային Օսիայի հարցում և չեն սահմանափակել Թուրքիայի տնտեսական ներգրավվածությունը Վրաստանում։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի տնտեսական աճող ազդեցությունը Վրաստանում՝ հատկապես էներգետիկ ոլորտում, ապագայում կարող է հնարավորություններ ստեղծել Վրաստանում Ռուսաստան-Թուրքիա միացյալ տնտեսական ծրագրերի, այդ թվում՝ Թուրքիայի արևելյան շրջաններ էլեկտրաէներգիայի արտահանման համար։

 

Ավելին՝ civilnet.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել