Իջևանում բացվել է ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն
17:19 - 20 փետրվարի, 2020

Իջևանում բացվել է ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն

ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Լիա Միլերը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և «Փրոջեքթ Հարմոնի ինթերնեյշընլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանի հետ միասին, այսօր ներկա է գտնվել Ամերիկյան գրադարանի և դասընթացների կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը, տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։

Իջևանում տեղակայված այս կենտրոնը գիտելիքների հարստացման մի նոր օջախ է, որը ձևավորվել է ԱՄՆ դեսպանության աջակցությամբ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տարածքում։

Ամերիկյան գրադարանը և դասընթացների կենտրոնը ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ Տավուշի մարզում «Փրոջեքթ Հարմոնի ինթերնեյշընլ» կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի ամենամեծ բաղադրիչն է։

Կազմակերպության կողմից Տավուշում իրականացվող ծրագրով ամերիկյան աջակցության միջոցով կազմակերպվում են անգլերենի և այլ դասընթացներ պատանիների և երիտասարդների համար, իրականացվում են կարողությունների զարգացման տարբեր  նախաձեռնություններ և ապահովվում են ռեսուրսներ, որոնք կօգնեն ավելի հստակ պատկերացում կազմել ամերիկյան հասարակության մասին։

Ամերիկյան գրադարանը և դասընթացների կենտրոնը տեղի համայնքի համար կկազմակերպի ուսումնական տարբեր ծրագրեր՝ միտված այնպիսի կարողությունների զարգացմանը, որոնք կարևոր են ժողովրդավարական արժեքների և քաղաքացիական ակտիվության տեսանկյունից։

Դասընթացների հիմնական ուղղություննեը կներառեն՝  անգլերենի ուսուցում, մեդիագրագիտություն, նախագծերի մշակում և իրականացում, առաջնորդական հմտություններ, հաղորդակցության հմտություններ և այլն։

Ամերիկյան գրադարանը և դասընթացների կենտրոնը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և ունի ամերիկյան գրքերի և այլ նյութերի հարուստ հավաքածու։ Այստեղ կկազմակերպվեն նաև կինոդիտումներ, գրական ակումբներ և տարբեր թեմաներով դասախոսություններ՝ հրավիրված մասնագետների ներգրավմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել